Wednesday, September 28, 2011

Քաղաքագետ. Ռուսաստանում իշխանական համակարգի փոփոխությամբ Հայաստանի հանդեպ վերաբերմունքը չի փոխվի

News.am. 27-9-2011- Ռուսաստոնւմ իշխանական համակարգի փոփոխության հետեւանքով Հայաստանի հանդեպ վերաբերմունքը չի փոխվի: Այդ մասին սեպտեմբերի 27-ին կայացած ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ինձ թվում է, որ արտաքին քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացում փոփոխություններ չեն լինի»,-ասել է Իսկանդարյանը` նշելով, որ Հայաստանի հարցով արտաքին քաղաքական որոշումները ընդունվելու են այն ձեւաչափով, որով նրանք ընդունվում են այսօր:
Նրա խոսքով, դա, սակայն, չի նշանակում, որ ընդհանրապես որեւէ փոփոխություն չի լինի: Փոփոխություններ, իհարկե, կլինեն, սակայն քիչ բան կփոխվի, քանզի որոշումները ընդունվելու են միեւնույն մարդու կողմից:
Անդրադառնալով Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսում ռուսական զորքերի մասնակցության հարցին եւ դրա կապակցությամբ առաջացած աղմուկին` Իսկանդարյանը ասել է, որ դա ուղղակի «փոթորիկ է մեկ բաժակ ջրում»:
«Տարբեր զորամասերի մասնակցությունը զորահանդեսների ժամանակ դա միջազգային պրակտիկա է: 2010 թվի ռուսական զորահանդեսում մասնակցել են ֆրանսիացիներ, անգլիացիներ եւ ամերիկացիներ, այսինքն` Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ԽՍՀՄ դաշնակիցները: Դա տարածված պրակտիկա է, եւ դրա միջոցով երկրները ցուցադրում են իրենց բարեկամական հարաբերությունները»,-ասել է Իսկանդարյանը:

No comments: