Saturday, September 10, 2011

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ. ՀԱՅԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ»

«ԱԶԳ», 9-09-2011- Այս խորագրով իրենց համատեղ լույս ընծայած գիրքն են ներկայացրել հանրությանը օգոստոսի 27-ին դոկտ. Ռոնալդ Սյունին եւ դոկտ. Նորման Նեյմարկը Փասադենայի համալսարանի ակումբումՙ կազմակերպությամբ Ամերիկայի հայկական համագումարի Հարավային Կալիֆոռնիայի շրջանային խորհրդի:
Դոկտ. Սյունին Միչիգանի համալսարանի պատմական ուսումնասիրությունների «Այզենբերգ» ինստիտուտի տնօրենն է եւ սոցիալ-քաղաքական պատմության պրոֆեսոր, նաեւՙ Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության եւ պատմության վաստակավոր պրոֆեսոր:
Շնորհանդեսի ժամանակ մոտ 2 ամսվա Թուրքիա այցելությունից վերջերս վերադարձած պրոֆեսորը պատմել է, որ հետզհետե աճում է Հայոց ցեղասպանությունը ճանաչողների թիվը Թուրքիայում: «Նրանցից շատերը մտավորականներ եւ գիտաշխատողներ են, որոնք քաղաքական չափազանց դժվար պայմաններում փորձում են վերանայել իրենց պատմական անցյալը», ասել է նա:
Պրոֆ. Նեյմարկը «Ստանֆորդ» համալսարանում Արեւելյան Եվրոպայի պատմության ամբիոնի վարիչն է, նաեւՙ «Հուվեր» հաստատության եւ Միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող: Նախկինում Բոստոնի համալսարանի պատմության եւ Հարվարդի ռուսական հետազոտությունների կենտրոնի դասախոս է եղել:
«Մինչեւ օրս գրված բարձրակարգ վավերագրական նյութերի առկայության պայմաններում ոչ ոք չի կարող ժխտել, որ կատարվածը ցեղասպանություն չէր», ասել է նա:
Լույս ընծայված հատորը խմբագրել է Ֆաթմա Գյոչեքը: Գրքում ներառված են նաեւ տասնյակից ավելի մասնագետների գրությունները:
Բանախոսները վերջում շնորհակալություն են հայտնել Հայկական համագումարի Արեւելյան Կալիֆոռնիայի շրջանային խորհրդինՙ նման միջոցառում կազմակերպելու համար, եւ խոստացել, որ կշարունակեն իրենց աշխատանքը այդ բնագավառում:

No comments: