Thursday, September 1, 2011

Բաքվում ԻԻՀ դեսպանություն. Առանց մուտքի արտոնագիր ստանալու ադրբեջանցի լրագրողների մուտքն Իրան արգելվում է

Panorama.am. 1-9-2011- «Ադրբեջանցի լրագրողները նկարահանումներ կատարելու նպատակով Իրան այցելելու համար, Ադրբեջանում Իրանի դեսպանությունից պետք է լրագրողների համար նախատեսված մուտքի արտոնագիր ստանան, եթե, ոչ, նրանց կարգելվի մուտք գործել Իրան»:
Այդ մասին, Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացրել է Ադրբեջանում Իրանի դեսպանության մամլո խոսնակ Աբբաս Էսքանդարին:
Իրանցի դիվանագետը նշել է. «Մինչ այդ որոշումը, երբ որոշ ադրբեջանցի լրագրողներ այցելել էին Իրան, որոշակի խնդիր էր առաջացել, ուստի անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի ադրբեջանցի բոլոր լրագրողները Իրան մուտք գործելու թույլտվություն ստանան Բաքվում ԻԻՀ դեսպանությունից»:
Նշենք, որ Իրանը երկու տարի առաջ Ադրբեջանի քաղաքացիների համար վերացրել էր վիզային ռեժիմը և բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ Իրանը ադրբեջանական կողմին հորդորում է, որպեսզի պաշտոնական Բաքուն ևս Իրանի քաղաքացիների համար վերացնի վիզային ռեժիմը:
Իրանական «արաննյուզ.իռ» կայքը, վերջերս անդրադառնալով ադրբեջանցիների համար իրանական կողմի միակողմանիորեն վիզային ռեժիմի վերացման հարցին, գրել էր. «Ադրբեջանի իշխանությունները Իրանի և Թուրքիայի հանդեպ երկակի քաղաքականություն են վարում. Մի կողմից Ադրբեջանը հայտարարում է, թե անհրաժեշտ է ընդլայնել եռակողմ հարաբերությունների շրջանակը, իսկ մյուս կողմից հրաժարվում է այդ երկրների հետ վերացնել վիզային ռեժիմը»:

No comments: