Monday, September 12, 2011

Արիել Կոհեն. Էրդողանը Հայաստանին Իսրայելի հետ մերձենալու շանս է տվել

News.am. 11-9-2011- Թուրքիան հակամարտություն է հրահրում տարածաշրջանում իր երբեմնի ամենակայուն դաշնակցի հետ այն պարագայում, երբ իր բոլոր սահմաններին իրավիճակը սրված է: Այդ մասին IzRus պորտալին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության նախկին խորհրդական, ամերիկյան «Heritage Foundation» հետազոտական կենտրոնի Ռուսաստանի, Եվրասիայի եւ էներգետիկ անվտանգության հետազոտական ծրագրի ղեկավար Արիել Կոհենը:
Նրա խոսքով` Էրդողանը Հայաստանին Իսրայելի հետ սերտ հարաբերություններ հաստատելու պատմական շանս է նվիրել: «Թուրքերն իրենց իսկ ձեռքերով են փչացրել տարածաշրջանում միակ կայուն գործընկերոջ հետ հարաբերությունները: Ընդ որում, դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ նրանց «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը չար կատակի է վերածվել: Սահմանի ողջ երկայնքով թուրքերը խնդիրներ ունեն` Իրանի, Իրաքի քրդերի, Աբխազիայի պատճառով ` վրացիների, Սիրիայի:
Իսրայելի վրա ցեխ շպրտելու փոխարեն, թուրքերն ավելի լավ է իրենց հայելու մեջ նայեն` հասկանալու համար, թե ով է մեղավոր կատարվածում»,-նշել է Կոհենը:Նա ավելացրել է, որ նույնիսկ առանց հրեական լոբբիի ճնշման թուրքերի դիրքերը թուլանում են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու հարցում: «Կոնգրեսի կողմից ցեղասպանության ճանաչումը ժամանակի խնդիր է: Իսկ եթե դա տեղի ունենա, հայկական կողմի համար հնարավորություն կբացվի Թուրքիայից փոխհատուցում պահանջելու»,-նշել է նա:Այնպես որ, այդ հարցում Իսրայելին որպես դաշնակից կորցնելով` Թուրքիան տնտեսական շատ մեծ հարված ստանալու վտանգի տակ է դնում իրեն:«Այսօր Հայաստանը բացառիկ պատմական հնարավորություն ունի Իսրայելի հետ շփումներ հաստատելու համար: Սակայն նա պետք է հասկանա, որ մաքսիմալիստական դիրքեր չպետք է գրավի: Իսրայելը չի ցանկանա փչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ` դա նրան ձեռնտու չէ: Ուստի, միայն համբերություն եւ ըմբռնում ցուցաբերելու միջոցով Երեւանը կարող է հասնել լավ կապերի հաստատման»,-եզրակացրել է Կոհենը:

No comments: