Thursday, September 8, 2011

Մայրերն ուզում են բանակ զորակոչվել որդիների փոխարեն

Tert.am. 8-9-2011- Այսօր ժամը 10:30 Հանրապետության հրապարակից մեկնարկեց Սևազգեստ կանանց երթը, որին մասնակցում էին բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների ծնողները և հարազատները: Երթը բազմամարդ էր, ծնողները քայլում էին իրենց զավակների լուսանկարները ձեռքերին: Արդար հետաքննություն պահանջող վանկարկումներով ու պաստառներով երթի մասնակիցները մեկ պտույտ անելով հրապարակում, շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք:
Այստեղ մի քանի րոպե կանգնելուց հետո երթը Հյուսիսային պողոտայով շարժվեց դեպի Ազգային ժողովի շենք, որտեղ ցուցարարները մեջքով շրջվեցին օրենսդիր մարմնին, ապա վանկարկումներով ուղղվեցին դեպի նախագահական նստավայր: Ամբողջ ճանապարհին երթի մասնակիցները անցորդներին հորդորում էին չմնալ անտարբեր, որպեսզի վաղը իրենց երեխաներին չսպառնա նույն ճակատագիրը: Երթի կարգախոսերից մեկն էր «Այլևս ոչ մի զինվոր բանակին»: Ծնողներից ոմանք նույնիսկ առաջարկում էին` այս աշնանային զորակոչին մայրերը բանակ զորակոչվեն երեխաների փոխարեն:
Նախագահական նստավայրում խաղաղ երթի մասնակիցները մի փոքր ակտիվացան: Չնայած ոստիկանները հորդորում էին երթն անցկացնել դիմացի մայթին, զոհված զինվորների հարազատները, անտեսելով ոստիկանական հրահանգը, անցան փողոցն ու կանգնեցին հենց նախագահականի դիմաց: Երթն ավարտվեց կառավարության շենքի առջև: Երթի մասնակիցներին այստեղ ոչ ոք չարձագանքեց:

No comments: