Tuesday, September 27, 2011

Թուրքիա. Եղբայրական Ադրբեջանը պետք է վերանայի հարաբերություններն Իսրայելի հետ

News.am. 27-9-2011- Թուրք-իսրայելական հարաբերությունների սրման փուլում եղբայրական Ադրբեջանը պետք է վերանայի իր հարաբերություններն Իսրայելի հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը, հաղորդում է umma.org.ua-ն:
«Մենք միշտ պատմության ընթացքում եղել ենք Ադրբեջանի կողքին: Ադրբեջանի պատճառով արդեն 18 տարի փակ են մեր սահմանները Հայաստանի հետ: Նման դեպքում եղբայրական երկրի խնդիրը պետք է լինի նաեւ Ադրբեջանի խնդիրը: Մեզ հայտնի է ադրբեջանական նավթը Ջեյհանով Իսրայել առաքելու փաստը: Ադրբեջանական կառավարությունը հրաշալի գիտի, թե ինչ է պետք անել: Մենք վստահում ենք Ադրբեջանին»,- ասել է դեսպանը:
Նախօրեին Ադրբեջանում Իսրայելի դեսպան Միխայել Լավոն-Լոտեմն էր կարծիք հայտնել, որ թուրք-իսրայելական լարվածությունը կարող է ազդել Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա: «Ադրբեջանն ու Իսրայելը սերտ գործընկերներ են: Մեր հարաբերությունները ընդգրկում են տարբեր նախագծեր եւ ծրագրեր, եւ դրանք չեն կարող երրորդ կողմի հետաքրքրությունների առարկա դառնալ»,- ասել է դեսպանը:
Փորձագետները նշում են, որ Բաքուն հայտնվել է նուրբ իրավիճակում: Եթե այնպիսի զգույշ դիվանագետը, ինչպիսին Քըլըջն է, ասում է, որ Ադրբեջանը պետք է վերանայի հարաբերությունները, նշանակում է, որ տվյալ թեման լրջորեն քննարկվել է Անկարայում: Պաշտոնական Բաքուն կարող է շատ բան կորցնել, եթե կորցնի Անկարայի վստահությունը:

No comments: