Tuesday, September 27, 2011

ՀՀ նախագահը հայությանը կոչ է անում բացեիբաց քննարկել Հայաստանի թերությունները

PanARMENIAN.Net - 26 սեպտեմբերի 2011 - Սեպտեմբերի 25-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսում ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելության ժամանակ անդրադարձել է Հայաստան-Սփյուռք համագործակցության հարցերին: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ վերջերս Երևանում Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպմանը ինքն առաջարկել է հետևյալ բանաձևը. «Հայրենիքի հնարավորությունների առավելագույնը` Սփյուռքի համար և Սփյուռքի հնարավորությունների առավելագույնը հայրենիքի համար»:
«Այսօր արդեն իրականություն է դարձել երկքաղաքացիության ինստիտուտը: Այստեղ ներկաների մեջ կան մարդիկ, ովքեր կրում են նաև Հայաստանի Հանրապետության անձնագիր: Ըստ էության, վերացրել ենք այն հոգեբանական պատնեշը, որը շատ սփյուռքահայերի խոչընդոտում էր Հայաստանում լիարյուն ապրելու և գործելու»,- ասել է նա: Դրա հետ մեկտեղ Սարգսյանը նկատել է, որ բազմաթիվ են Հայաստան վերադարձած կամ հայրենիքի կյանքում աշխույժ ու անմիջականորեն մասնակցող սփյուռքահայերը: «Անշուշտ, դա հեշտ բան չէ: Հեշտ չէ թողնել ծանոթ միջավայրը և տեղափոխվել անծանոթ, երևակայական թվացող հայրենիք: Սակայն այսօր ունենք բազմաթիվ թևավորող օրինակներ: Մեր հայրենակիցներից շատերն են ճաշակել հայրենիքում ապրելու և գործելու ոգևորությունը: Ցավոք նրանցից ոմանք ճաշակել են և հիասթափությունների դառնությունը: Պիտի սովորենք մեր ոգևորիչ օրինակների դասերը: Սակայն առաջին հերթին պետք է ազատ ու բաց քննարկենք հենց դառնությունների պատճառները»,- նշել է նա: Սարգսյանի խոսքով, Հայաստանն իրականում երևակայական, ռոմանտիկ հայրենիք չէ: «Հայաստանը հողեղեն է` իր բերկրանքներով և իր դժվարություններով: Մենք ահռելի առաջընթաց ենք ապրել, բայց ունենք բոլորիս քաջ հայտնի թերություններ»,- ընդգծել է նա: Այս համատեքստում ՀՀ նախագահը բոլորին հրավիրել է բաց և շիտակ խոսակցության: «Սփյուռքի մեր արյունակիցներին մենք դիմում ենք որպես հարազատի: Եվ հենց հարազատության իրավունքով միասին պետք է քննարկենք բոլոր թերությունները: Պիտի քննարկենք մեր խնդիրները` առանց յուրաքանչյուրս իր պատասխանատվության բաժնից խուսափելու»,- նշել է նա:

No comments: