Saturday, September 10, 2011

Իլհամ Ալիև. «Լրագրողները պետք է ինձ խնդրեն, որ ես իրենց ներեմ»

Aysor.am. 9-9-2011- Ադրբեջանի վերաբերյալ «Wikileaks»-ի հրապարակումներից մեկում այդ երկրում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսին 2007 թ-ի հուլիսին Վաշինգտոն հղած հեռագրում հայտնել է, որ հերթական անգամ լրագրողների ձերբակալության և նրանց դեմ բռնությունների փաստերի հետաքննության հետ կապված միջազգային հանրության անհանգստության վերաբերյալ իր հարցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միանշանակ պատասխանել է, որ «տեղի չի տալու միջազգային ճնշումներին»: Միևնույն ժամանակ նա բացահայտ ընդգծել է, որ «եթե լրագրողներն իրենից ներում խնդրեն, ապա ինքը կցուցադրի իր բարեհոգությունը»: Այս մասին հայտնում է «pia.az» կայքը:
Ալիևն ասել է, որ մամուլի նկատմամբ իշխանության հարձակումները կապված չեն 2008 թ-ի նախագահական ընտրությունների հետ: «Ոչ ընդդիմության, ոչ էլ իմ կողմնակիցների մեջ ես մրցակից չունեմ: Ընտրություններում ես կհաղթանակեմ առանց որևէ խնդրի: Նման դեպքում ինչո՞ւ պետք է ես ճնշում գործադրեմ մամուլի վրա»,- ասել է նա ԱՄՆ դեսպանին:

Նա նաև հավելել է, որ «ձերբակալված լրագրողները աջակցություն են ստանում ԱՄՆ-ից, ԵԱՀԿ-ից և Եվրոպայի խորհրդից, սակայն, սեփական նախագահին չեն խնդրում ներում շնորհել իրենց»:
«Սա Ադրբեջանն է, Եվրոպան չէ: Նրանք պարտավոր են խնդրել ինձ»,- նշել է Ալիևը: Էնն Դերսիի այն առարկությանը, որ «նման դեպքում դատապարտյալները խոստովանած կլինեն, որ մեղավոր են», Ալիևն ասել է. «Լրագրողները կամ պետք է խոստովանեն իրենց մեղքը, կամ էլ նստեն բանտերում, իսկ նրանց ազատ արձակելն էլ պետք է իր գինն ունենա»:
«Էնն Դերսին Ալիևի հետ հանդիպման արդյունքների հետ կապված իր մեկնաբանության մեջ գրում է, որ մամուլի ազատության հարցը խիստ զայրացրել է Ադրբեջանի նախագահին: Նա մի քանի անգամ ասել է, որ ինչ էլ անում է, Արևմուտքն իրեն բռնապետ է անվանում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա լրագրողներին բանտերից ազատելու ճանապարհներ է որոնում, սակայն դա ցանկանում է այնպես անել, որպեսզի պահպանի իր դեմքը և դա չընկալվի որպես միջազգային հանրության ճնշումների նկատմամբ զիջում»,- գրում է «pia.az»-ը:

No comments: