Saturday, September 10, 2011

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. ՍՊԱՆԵԼ ԵՆ, ՑԱՆԿԱՑԵԼ ԵՆ ՍՊԱՆԵԼ

«ԱԶԳ», 10-09-2011 - «Դա (Ցեղասպանությունը-Ա.Հ.) մի բառ է, որ խանգարում է, որն ի վերջո ինձ խանգարում է», ֆրանսիական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է Շառլ Ազնավուրն այն հարցին ի պատասխան, թե իր «Մի դռնից մյուսը» գրքում ինչու է գրել. «Ցեղասպանությունը մի բառ է, որը խանգարում է»:
«Այն, ինչ հիմա կասեմ, գուցե որոշ հայերի կհանի իմ դեմ, բայց դա սարսափելի չէ: Եթե իսկապես թուրքերն այնքան պարկեշտություն ունենան ասելու, որ Ցեղասպանություն բառն է, որն իրենց խանգարում է, մենք մի այլ բառ կգտնենք, որպեսզի սահմանները բացվեն, եւ որ թուրքական կառավարությունը, չեմ ասումՙ թուրքերը, այլՙ թուրքական կառավարությունը մտածի երկխոսություն սկսել մեզ հետ», իր միտքը շարունակել է Ազնավուրը:
Մինչդեռ թուրքական մի շարք լրատվամիջոցների համար համատեքստից հանված առաջին արտահայտությունը, որոշ խմբագրմամբ, լրիվ բավարարել է Շառլ Ազնավուրի անունը հոլովելով սենսացիոն հրապարակումներ անելու համար` աղավաղելով եւ խեղաթյուրելով Ազնավուրի խոսքերը, թե իբր, ըստ Ազնավուրի, հայ-թուրքական երկխոսության համար այլ բառ է հարկավոր, քան Ցեղասպանություն բառը:
Այն, որ թուրքական մամուլն ու դրա նմանակմամբ` նաեւ ադրբեջանականը, առավել քարոզչական են, քան լրագրողական, նոր հանգամանք չէ: Դա է պատճառը, որ հայ մասնագետներից շատերը, նաեւ սփյուռքի մեծաթիվ ներկայացուցիչներ չեն ցանկանում առնչվել թուրք լրագրողների հետ` հետագայում աղավաղումների ու խեղաթյուրված տեղեկությունների դեմ պայքարելու անիմաստության պատճառով:
Հստակ է, որ Ազնավուրի համար 20-րդ դարասկզբի իրադարձությունները Ցեղասպանություն կոչելը հարցականի տակ չի դրվում. մինչդեռ թուրքական մամուլն ուղղակի հենց այդ սոուսով էլ մատուցել է Ազնավուրի կիրակնօրյա հեռուստախոսքը:
Առաջին հարցից հետո Ազնավուրը պատասխանել է հարցադրմանը, թե ինչու է թուրքերի համար այդքան դժվար ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ըստ ֆրանսիական լրատվամիջոցներիՙ Ազնավուրը պատասխանել է. «Եթե հիշողությունս չի դավաճանում, երբ մենք խմում ենք, ասում ենք` առողջությանդ համար, երբ հրեաներն են խմում, ասում են` կյանքիդ համար, երբ թուրքերն են խմում, ասում են` պատվիդ համար: Կարծում եմ, հարցի հիմնական մասն այստեղ է»:
Ազնավուրն ավելացրել է, որ մեկընդմիշտ պետք է թուրքերին հասկացնել, որ պատիվը երկու կողմ ունի. «Միայն ինքդ քեզ պաշտպանելով չէ, պետք է նաեւ ընդունել եղելությունը, նաեւ այն բանի համար, որ երիտասարդության ուսերին անհաղթահարելի գործ չմնա»:
«Մեկուկես միլիոն, սա հսկայական թիվ է մի փոքր երկրի համար» հարցին Ազնավուրը արձագանքել է. «Երկու կամ մեկուկես միլիոն, նույնն է: Երբ սպանում են երկու երեխայի կամ մեկ եւ կես միլիոն հայի կամ վեց միլիոն հրեայի, նույնն է: Սպանել են: Ցանկացել են սպանել: Սա է կարեւորը»: Իսկ որ այդ անմեղ զոհերը մնացել են առանց գերեզմանի, Ազնավուրին ցավ է պատճառում. «Այո, դա է ինձ ցավ պատճառում: Դեր-Զորում կան վայրեր, որտեղ մինչեւ օրս փոշիների մեջ, ավազի մեջ ոսկորներ են գտնվում»:

No comments: