Saturday, September 10, 2011

Շ. Ֆյուլե. Թուրքիան պետք է դադարեցնի Կիպրոսին ուղղված սպառնալիքները

Panorama.am. 9-9-2011- ԵՄ ընդարձակման և «Արևելյան գործընկերության» քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կոչ է արել Թուրքիային` դադարեցնել Կիպրոսին ուղղված սպառնալիքները։ Այս մասին տեղեկացնում է «Իտար-Տասս» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, Ֆյուլեն Անկարային կոչ է արել հրաժարվել ամեն տիպի սպառնալիքներից ու այնպիսի գործողություններից, որոնք կարող են բացասաբար ազդել բարիդրացիական հարաբերությունների և սահմանային վեճերի խաղաղ կարգավորման վրա:
«Եվրահանձնաժողովը Թուրքիայի հետ բանակցությունների ժամանակ կանոնավոր կերպով բարձրացնում է այս հարցերը և շարունակելու է հետևել Անկարայի կողմից բարիդրացիական հարաբերությունների աջակցմանն ուղղված սեփական պարտավորությունների կատարմանը։ ԵՄ-ն հաստատում է իր անդամների ինքնիշխան իրավունքները՝ ներառելով ԵՄ նորմերին համապատասխան երկկողմանի համաձայնագրերի կնքման իրավունքը, այդ թվում՝ նաև ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիան»,- նշել է Ֆյուլեն:
Նրա հավելմամբ, «Անհրաժեշտ է հասնել կիպրական խնդրի անհապաղ ու բոլորի համար ընդունելի լուծմանը, ինչպես նաև Թուրքիայի ու Կիպրոսի հարաբերությունների կարգավորմանը։ Զսպվածությունն ապահովում է դրական մթնոլորտ, որը և կնպաստի, որպեսզի բանակցային գործընթացը հաջող ավարտվի։ Այն չափազանց կարևոր է այս աշնանը կիպրական խնդրի կարգավորման շուրջ կայանալիք բանակցություններից առաջ»:

No comments: