Tuesday, September 20, 2011

Անկախության տոնը` թուրքական շապիկներով

Hetq.am. 20-9-2011- Անկախության տոնի առթիվ ՀՀ Անկախության 20-ամյակի միջոցառումների կազմակերպիչները խաղարկության միջոցով Թուրքիայի արտադրության շապիկներ են նվիրում մարդկանց: Բոլոր նրանք, ովքեր ունեն «2011 Հայաստանը դու ես» գրությամբ շապիկներ, կարող են ուշադրություն դարձնել պիտակին, որի վրա նշված է “Made in Turkey”:
Նվերները խաղարկվում են ռադիոների եւ այլ լրատվամիջոցների միջոցով: ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների հանրային կապերի պատասխանատու Արեւիկ Բադալյանը «Հետքին» հայտնեց, որ իրենք գաղափար անգամ չունեն, որ շապիկները Թուրքիայում են արտադրվել:
«Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին: Մենք շապիկների արտադրության հետ կապ չունենք. հուշանվերների փաթեթը մեզ հատկացրել է հովանավորը` «Մետեքսիմ» ՍՊԸ-ն: Մեզ ինչ տվել են, մենք էլ տարածել ենք»,- ասում է Արեւիկ Բադալյանը:
«Մետեքսիմ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը մեր հարցին, թե որտեղից է ընկերությունը ձեռք բերել շապիկները, պատասխանեց. «Մեզ տվել են, մենք էլ բաժանել ենք մեր աշխատողներին»:

- Շապիկները ձե՞զ են տրամադրել, իսկ Անկախության տոնի հասարակայնության բաժնից նշում են, որ ձեր ընկերությունն է` որպես հովանավոր, տրամադրել դրանք:
- Ինչ-որ քանակով տվել ենք իրենց, մի փոքր քանակով էլ բաժանել ենք աշխատողներին:
- Իսկ ձեզ ո՞վ է տրամադրել շապիկները. որտեղի՞ց եք ձեռք բերել:
- Դե… տվել են: Արտասահմանից պատվիրվել է, արտասահմանից է եկել:

- Թե՞ Թուրքիայից. պիտակի վրա թուրքական արտադրություն է նշված: Թուրքիայի՞ց եք բերել:
- Այո:
- Ձեր ընկերությո՞ւնն է վճարել:
- Ես տեղյակ չեմ:

«Մետաքսիմ» ընկերության մեկ այլ «աշխատող», ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ. «Այդ շապիկները եկել են «Մետեքսիմի» տերմինալ եւ եկել, տարել են»:
- Այսինքն դուք չե՞ք հովանավորում Անկախության 20-ամյակի կազմակերպմանը:
- Չէ, մենք չենք:
- Իսկ հասարակայնության բաժնից ասում են` դուք եք:
- Ուրեմն իրենք ավելի լավ կիմանան:
- Իսկ շապիկները ձեր տերմինալ որտեղի՞ց են եկել:
- Չգիտեմ, ես այդ ինֆորմացիան չունեմ:
- Իսկ ո՞վ ունի այդ ինֆորմացիան: Շապիկները թուրքական արտադրության են:
- Իսկ ի՞նչ գիտեք` թուրքական են: Այդ շապիկներից մեկն էլ ես ունեմ, պիտակի վրա ոչինչ չկա գրված ու մյուս շապիկների պիտակին էլ ոչինչ չկա գրված: Թե էդ ձեր պիտակի վրա ոնց ա գրված, ես զարմանում եմ:

- Ես արդեն շապիկներից մի քանիսը շոշափել եւ լուսանկարել եմ, բացի այդ` պիտակի վրա չի կարող ոչինչ գրված չլինել: Քանի որ պիտակը նախատեսված է արտադրության վայրը եւ պահպանման ձեւերը նշելու համար:
- Ես ձեզ հետ չեմ վիճում, գիտեմ` պիտակն ինչի համար է: Ամեն դեպքում, ավել ինֆորմացիա տրամադրել ձեզ չեմ կարող, քանի որ չկա:
- Ո՞ւմ հետ եմ խոսում:
- Աշխատողի. իմ անունը ոչ մի տեղ նշել պետք չէ: Այն ինֆորմացիան, որ ձեզ ասեցի, դրա իրավունքն էլ չունեի:

Անի Հովհաննիսյան

No comments: