Tuesday, September 20, 2011

The Wall Street Journal. Էրդողանը` Մերձավոր Արևելքի խառնակիչ

Panorama.am. 20-9-2011- The Wall Street Journal հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում տեղի ունեցած վերջին զարգացումներին:
«Թուրքիայի Էրդողանը` Մերձավոր Արևելքի խառնակիչ» վերտառությամբ հոդվածում հեղինակ Ջեք Ռոսենը կասկածի տակ է առնում Էրդողանի` տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու ձգտումն ու գրում, թե չնայած բանականությանը, Թուրքիան դիտավորյալ է գնում Իսրայելի հետ դիմակայության`տարածաշրջանում առաջնորդ հռչակվելու համար:
Խոսելով Իսրայելի և Թուրքիայի լարվածությունից, հեղինակը անդրադառնում է նախապատմությանը` Գազայի հրթիռակոծումներին և դրանից հետո Դավոսի միջազգային համաժողովում Էրդողանի պահվածքին: «Ոչ մի առաջնորդ մինչ օրս այդքան խիստ չէր քննադատել Իսրայելին, ինչպես Էրդողանը, ով միջազգային նախադեպի հեղինակ դարձավ` հրապարակավ վիրավորելով Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին, այնուհետև լքելով Դավոսի համաժողովը» :
Հեղինակի համոզմամբ, այս ամենը պատահականություն չէ, քանի որ Էրդողանի «Ազատություն և զարգացում» կուսակցության իշխանություն գալուց ի վեր, Թուրքիան շեղել իր իր ռազմավարական ուղեծիրը Միացյալ Նահանգներից ու Արևմուտքից:
«Ոմանք համոզված են, թե Թուրքիան շարունակում է մնալ Արևմուտքի ուղեծիրում, նշելով այն հանգամանքը, թե նա համաձայնել է Իրանին զսպող ՌՏԿ համակարգեր տեղադրել իր տարածքում: Սակայն, բալանսավորված քաղաքականության արդյունքում, որը մի կողմից վստահություն է առաջացնում Վաշինգտոնի մոտ, մյուս կողմից ծառայում է իր տարածաշրջանի մրցակից Իրանին ճնշելու ռազմավարական հետաքրքրությանը, Թուրքիան հմտորեն կարողանում է ծառայեցնել Արևմուտքին Արևելքում իր նպատակներին հասնելու համար», - գրում է հեղինակը:
Ռոսենն անդրադաձել է նաև Թուրքիայի ԵՄ անդամակցության թվացյալ ձգտմանը, նշելով, թե ընտրություններից հետո Էրդողանը հզոր քաղաքական կապիտալով իր երկիրը տեսնում է ոչ թե ԵՄ-ում, այլ Արևելքում ` որպես «Նոր Օսմաններ»:
Այս համատեքստում լրագրողը կարծում է, թե Էրդողանի կառավարման տարիներին ՄիացյալՆահանգները շատ ավելին են տվել Թուրքիային, քան փոխարենը ստացել` սկսած դեռևս Իրաքյան պատերազմից, երբ Թուրքիան արգելեց ամերիկյան զինուժին իր տարածքն օգտագործել երկիր ներխուժելու համար:
«Պարոն Էրդողանի իսլամիստական վարչակազմը պարբերաբար հարվածում է ազատ մամուլին, խեղաթյուրում քաղաքացիական ազատությունների պատկերացնումները տանն ու պաշտպանում Համասի ահաբեկիչներին դրսում, իսկ ահա Օբաման 2009 թվ-ին հազարավոր կիլոմետրեր կտրելով, հասնում է Անկարա` Էրդողանի վարչակազմի արժանիքները գովաբանելու համար», - ասված է հոդվածում:
Հոդվածի վերջնամասում Ջեք Ռոսենը կոչ է անում Միացյալ Նահանգների իշխանություններին ուշքի բերել Թուրքիային և հիշեցնել ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերի մասին, իսկ ԱՄՆ Կոնգրեսին հորդորում թարմացնել Ցեղասպանության մասին օրինագծերը:
«Ներողությունների նկատմամբ զգայուն Թուրքիայի կողմից ժամանակն է լսենք ներողություն Առաջին աշխարհամարտի տարիներին մեկ միլիոնից ավելի հայերի ցեղասպանության համար, հայ ընտանիքներին փոխհատուցումների հետ մեկտեղ», - գրում է Ռոսենը:

No comments: