Sunday, September 11, 2011

ԱՄՆ-ը համամիտ չէ Կովկասում «ազդեցության գոտու» ռուսական հավակնությունների հետ. Ուոլկեր

News.am. 10-9-2011- Մինչեւ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Օսիայի խնդիրների լուծումը Կովկասում խաղաղությունը կարող է խախտվել ցանկացած պահի: Այդ մասին APA-ին տված հարցազրույցում հայտնել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան, պետքարտուղարի օգնականի նախկին տեղակալ Կուրտ Ուոլկերը:
Ուոլկերը նշել է, որ իրականում Միացյալ նահանգները եւ Ռուսաստանը պետք է հիմքեր գտնեն Հարավային Կովկասւմ համագործակցելու համար: «Մենք խրախուսում են ժողովրդավարությունը, խաղաղությունը, մարդկային ներուժի զարգացումը, ահաբեկչության եւ թմրավաճառության դեմ պայքարը: Իսկ Ռուսաստանը կարծում է, որ իրավունք ունի վերահսկել կովկասյան տարածաշրջանը: Նշանակում է, որ նրանց միջեւ տարակարծություններ կան: Միացյալ Նահանգները հարգում է կովկասյան ազգերի եւ պետությունների իրավունքները, եւ համամիտ չէ «ազդեցության գոտու» ռուսական հավակնությունների հետ»,-հայտարարել է նա:
Այդուհանդերձ Ուոլկերը չի կարող կանխատեսել այս տարի Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում տեղի ունենալիք իրադարձությունները: «Ռուսաստանը շարունակելու է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շրջափակումը, ես առաջընթաց չեմ տեսնում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: ԱՄՆ-ը ողջ ուշադրությունը կենտրոնացրել է ներքին խնդիրների եւ թուլացած տնտեսության վրա: Բայց տարածաշրջանի առաջնորդների համար այնուամենայնիվ մեծ հնարավորություն կա, եւ ես հույս ունեմ, որ նրանք կօգտագործեն դա»,- ասել է նա:

No comments: