Saturday, September 3, 2011

Հաշվեցին Հայաստանի բոլոր ատամները

WikiLeaks-ը հերթական տեղեկությունը հրապարակեց, այս անգամ այն մասին, որ 2008 թվականի մարտին Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի ճնշման տակ է մերժել նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի հայցը:
Մինչ այժմ, Հայաստանի մասին հրապարակումներում ամերիկյան կայքը կարծես թե չէր անդրադարձել Սահմանադրական դատարանի գործունեությանը, դրանում գործադիր իշխանության միջամտության օրինակներին: Եվ ահա WikiLeaks-ը ՍԴ-ին էլ հիշատակեց, ինչով կարելի է ամփոփել, որ Հայաստանի բոլոր “ատամներն” արդեն հաշված են, ու դրանք կամ կսկսեն հիմա հերթով թափվել, կամ էլ կսկսեն մեկ առ մեկ քաշելը, որովհետեւ արդեն լիարժեք պարզ ու հստակ ի ցույց դրվեց, որ այս երկրի ոչ մի “ատամ” առողջ չէ: Ընդ որում, ոչ միայն ոչ մի ատամ առողջ չէ, այլ նույնիսկ չկա մեկը, որը հնարավոր լիներ բուժել եւ չդիմել հեռացման:
Սահմանադրական դատարանի հիշատակումը կարեւոր է հենց այդ իմաստով: Չէ որ դա վերին ատյանն է, որից այն կողմ Հայաստանում էլ ատյան չկա: Երբ ի ցույց է դրվում, որ այդ ատյանի վրա էլ հնարավոր չէ հույս դնել երկրում ճգնաժամերի հաղթահարման եւ բարեփոխումների իրականացման ճանապարհին, ուրեմն ակնհայտ է, որ Հայաստանը որպես օրգանիզմ արդեն կորցրել է ինքնակարգավորման հնարավորությունը եւ բանի պետք չէ:
Հետեւաբար, հարցը դրվում է արդեն կամ-կամ տարբերակով` կամ այդ օրգանիզմը կենթարկվի շտապ վիրահատության, կգտնվի դա ներսում իրականացնելու կամք, կամ այն կվերածվի տարածաշրջանային դոնորի, երբ դրա տարբեր մասերով հնարավոր կլինի լրացնել այդ օրգանիզմների բացերը:
Այդպես է, կամ ազգը ինքը իր մեջ գտնում է բուժման ուժ եւ կամք, կամ նրան բուժում են արտաքին միջամտությամբ, բայց այդ ճանապարհով ձեռք բերած առողջությունն այլեւս վատնվում է բուժման “տակից” դուրս գալու վրա, այսինքն ազգը հայտնվում է պերմանենտ բուժումների փուլում, դառնում առաջին հայացքից կայուն առողջության տեր, բայց իրականում՝ հեռանկարային խրոնիկ հիվանդ:
Հայաստանը դեռ ունի ընտրության հնարավորություն, դեռ շանս կա, դեռ տալիս են այդ շանսը, ի դեմս այն դիագնոզի, որ հրապարակվում է WikiLeaks-ի միջոցով: Եթե շանս չտային, դիագնոզն էլ չէին տա: Բայց ինչպե՞ս կկատարի այդ ընտրությունը, ինչպե՞ս կօգտագործի այդ շանսը Հայաստանը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: