Saturday, September 10, 2011

Բանակում համատարած է կաշառակերությունն ու բանտային նիստուկացը. Սեֆիլյան

Tert.am. 10-9-2011- Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում կրկին անդրադառնալով բանակում տիրող իրավիճակին` գրել է. «Հոգեբանական անկման այս պայմաններում խոսել բանակի մարտունակության մասին` հավասարազոր է ինքնախաբեության կամ նույնիսկ զառանցանքի, քանի որ չկա տիրապետող մարտական ոգի, իսկ այդ ոգին կրողները ծառայությունից վերադառնում են կոտրված և նվաստացած»:
Սեֆիլյանն ընդգծում է, որ բանակում «համատարած է կաշառակերությունն ու հովանավորչությունը, բանտային նիստուկացը: Փոխանակ զորակչվող երիտասարդը կազմավորվի որպես զինվորական պարտքին գիտակից և մարտունակ տղամարդ, կատարվում է հակառակը. նա այլասերվում է բանակային կյանքի անընդհատ քրեականացող և ապազգայնացող մթնոլորտում: Զորամասերում ինշխում են հանցագործ հեղինակությունները, իսկ հրամանատարները օգտագործում են նրանց` ստորաբաժանումները կառավարելու համար: Արդյունքում սպաները հեղինակազրկվում են, ստորաբաժանումները վերածվում են խառնամբոխի, սպանությունները դառնում են վիճակագրական օրինաչափություն, զինվորը հաճախ հայտնվում է ճորտի կարգավիճակում: Առկա են իրենց տանը ծառայող մեծահարուստների զավակներ: Հրամանատարական կազմի ապազգայնացումը և արագ հարստացումը փաստացի իրողություն է: Պաշտոնները դիտվում են միայն որպես արագ հարստանալու միջոց: Այս բոլորը զինվորների մեջ ավելացնում է ատելությունը ծառայության ու բանակի հանդեպ, ինչը, ցավոք, նույնացվում է հայրենիքի հետ»:

No comments: