Wednesday, September 14, 2011

Նախիջեւանը դատարկվում է. ադրբեջանցի իրավապաշտպանն անհանգստացած է

News.am. 14-9-2011- «Մարդիկ լքում են Նախիջեւանը, կարելի է ասել, որ այնտեղ 150 հազար մարդ է մնացել: Նախիջեւանը դատարկվում է: Մենք անհանգստացած ենք, մարդիկ անօրինականությունից են փախչում»,-ասել է ադրբեջանցի իրավապաշտպան Նովելա Ջեֆերօղլուն, սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ասուլիսում, որին մասնակցել են Նախիջեւանից Բաքու վերադարձած լրագրողները եւ իրավապաշտպանները:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, իրավապաշտպան Անար Մեմեդլին հայտնել է, որ Նախիջեւանում մարդիկ վախեցած են. «Որոշ դատարաններ չեն ընդունում քաղաքացիների դիմումները, որոնք ուղղված են Նախիջեւանի նախարարների դեմ: Այնտեղ մարդիկ չեն կարողանում նույնիսկ ինտերնետից օգտվել, քանի որ չափազանց թանկ է: Պետք է լրջորեն մտածել Նախիջեւանում մարդու իրավունքների եւ քաղաքացիների վիճակի մասին»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 12-ին Բաքվից Նախիջեւան էին ուղեւորվել թվով 20 լրագրողներ եւ իրավապաշտպաններ, ովքեր անհանգստացած էին Նախիջեւանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այցի նպատակն էր ներկա լինել Նախիջեւանում գործունեություն ծավալած իրավապաշտպան Հեքիմելդոսթու Մեհթիեւի դատական գործընթացին եւ ծանոթանալ ինքնավար հանրապետությունում տիրող իրադրությանը:
Նշենք, որ Նախիջեւանում իրավապաշտպաններից եւ լրագրողներից պահանջել էին լքել ինքնավար հանրապետության տարածքը:

No comments: