Wednesday, September 14, 2011

Մեկ քայլ դեպի Հայաստան մտնող գազամուղի մասնավորեցում. օրինագիծը Վրաստանի խորհրդարանում ստացավ առաջին «կողմը»

Tert.am. 14-9-2011- Վրացի պատգամավորներն այսօրվա խորհրդարանական նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել են «Պետական գույքի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը։
Ինչպես հաղորդում է վրացական Georgiatimes.info կայքը, այդ փոփոխությունները նախատեսում են փոխել երկրի պետական օբյեկտների մասնավորեցման գործընթացը, ինչն էլ թույլ կտա պետական ընկերությունների բաժնեմասերի փոքրամասնական փաթեթը միջազգային բորսաներ հանել։ Կայքը հաղորդում է, օրինագիծը նախատեսում է այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են՝ «Վրացական երկաթուղիների», «Վրաստանի գազի և նավթի կորպորոցիայի» և «Վրաստանի պետական էներգոհամակարգի» բաժնեմասերի 15–25 տոկոսի տեղաբաշխում:
Ավելի վաղ Վրաստանի ազգային դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն իշխանություններից երաշխիքներ էին պահանջել այն մասին, որ Վրաստանի ռազմավարական նշանակության օբյեկտների բաժնեմասերի վերահսկիչ փաթեթը չի վաճառվի։ «Սա կառավարության կողմից նոր անակնկալ էր, և կառավարության նման անհեռատես քաղաքականությունն իրական վտանգ կստեղծի. Վրաստանը կկորցնի տարածաշրջանային խաղորդի դերն ու անկախությունը։ Մենք բացում ենք Ռուսաստանի դռները վրացական տնտեսության առջև»,– լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր կուսակցության ներկայացուցիչ Գուրամ Չախվաձեն։
Հիշեցնենք, որ «Մոսկովսկիե Նովոստի» պարբերականն այսօր ծավալուն հոդված էր տպագրել այն մասին, որ Ռուսաստանը կարող է ձեռք բերել Վրաստանի ռազմավարական նշանակության օբյեկտների (այդ թվում` Ռուսաստանը Հայաստանի հետ կապող գազամուղի) բաժնեմասերը` ձգտելով ամրապնդել իր տնտեսական ներկայությունը տարածաշրջանում:

No comments: