Monday, September 12, 2011

Օջալանին տեղափոխու՞մ են Ստամբուլ

HayNews.am. 12-9-2011- Թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը մոտ ապագայում կարող է փոխել բանտը:
Քուրդ առաջնորդը, ով 1999 թվականից դատապարտված է ցմահ ազատազրկման, պահվում է Էգեյան ծովում գտնվող Իմրալը կղզու բանտում:
Ըստ «Միլլիյեթի», հնարավոր է, որ Օջալանին տեղափոխեն Ստամբուլի բանտերից մեկը: Թե ինչի հետ է կապված այս որոշումը, դեռ հայտնի չէ:
Միևնույն ժամանակ նշվում է, որ թուրքական կողմը պատրաստվում է ռազմակայան հիմնել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածքում, որպեսզի պայքար մղի քուրդ ապստամբների դեմ:
* Աբդուլլահ Օջալանը (ծնվ.՝ 1949 թ.-ին, Շանլըուրֆայում), ով քրդերի շրջանում հայտնի է նաև Ափո անունով, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնադիրն է և առաջնորդը: Մարքսիստական գաղափարների կողմնակից է: Քրդստանի անկախության, ավելի ուշ քուրդ ժողովրդի իրավունքների ընդլայնման համար Թուրքիայի դեմ 30-ամյա պայքար մղող Օջալանը 1999 թվականի փետրվարի 15-ին ձերբակալվել է և թուրքական դատարանի կողմից դատապարտվել մահապատժի՝ «հայրենիքի դավաճանության» մեղադրանքով, որն ավելի ուշ փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Վերջինս իր պատիժը կրում է թուրքական Իմրալը կղզում գտնվող բանտում: Օջալանը, ում ազգանունը թարգմանաբար նշանակում է «վրիժառու», 40 անուն գրքերի հեղինակ է: Թուրքիայում 80-90-ական թթ.-ին տեղեկություններ էին շրջանառվում, որ Օջալանն ազգությամբ հայ է, սակայն դրանք որևէ հաստատում չգտան:

No comments: