Saturday, September 3, 2011

«Ժամանակ». Որեւէ թշնամի երեւի թե չէր կարող այս աստիճան նվաստացնել հայաստանցիներին

Թերթը գրում է, որ մանկապղծության մեղադրանքով դատվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատական գործը վերածվում է Հայաստանի հանրապետության դատական գործի: Այն, ինչ կատարվում է դատարանում, կարծես թե վեր է բանականության սահմաններից եւ ենթակա չէ որեւէ տրամաբանության. ծնողները արդարացնում են իրենց երեխաների հետ սեռական կապի մեջ մտած մանկապիղծ մարդուն, որովհետեւ նա փող է տվել իրենց, պահել է իրենց զավակներին ու իրենց ընտանիքները:
«Սա սարսափելի է, ու սարսափելի խորհրդանշականությամբ էլ այդ գործը երեւի թե բացվել է անկախության քսանամյակին, ցույց տալով, թե իրականում ուր է հասել Հայաստանն այդ 20 տարիների ընթացքում, ինչ ենք կորցրել մենք այս ընթացքում, ինչ սարսափելի, անասնական արատներ ենք ձեռք բերել: Հասարակական բարոյականության խորագույն անկման ականատեսն ենք մենք ի դեմս Սերոբ Տեր-Պողոսյանի գործի, որը լակմուսի թղթի նման ցույց է տալիս Հայաստանի Հանրապետություն կոչվող պետական միավորի տոտալ դեգրադացիայի աստիճանը:
Հայաստանի քաղաքացին հասել է մի վիճակի, երբ կարող է արդարացնել իր զավակին պղծած անձնավորությանը, հանուն մի կտոր հացի, հանուն մի երկու կոպեկ փողի: Ու ինչքան էլ մենք դատապարտենք եւ մեղադրենք այդ ծնողին, միեւնույն է, նրա վարքը, նրա կերպը, նրա տեսակը ընդամենը հետեւանք է այն ընթացքի, որով շարժվել է Հայաստանն այս քսան տարիների ընթացքում: Այդ ընթացքը հասարակության, մարդու մեջ սպառել է մարդկայինը, սպառել է բանականը, մարդկանց կապել է մի կտոր հացից, դրանով իսկ ձեւավորելով հանցագործությունների մի հսկա շղթայի ալիբի, որ թույլ է տվել եւ թույլ է տալիս, ու դեռ մտադիր է թույլ տալ Հայաստանի իշխանական դաս կամ այսպես ասած իշխող էլիտա կոչվող շերտը, որն իրականում իհարկե հեռու է էլիտա կամ դաս համարվելուց, քանի որ ընդամենը ընչաքաղց անձանց մի խումբ է, որոնց համար նպատակն արդարացնում է միջոցները:
Իսկ նպատակը հարստության եւ իշխանության գերկուտակումն է: Իրականում, ցավալիորեն, դժբախտաբար, սեռական ոտնձգության ենթարկված երեխաներն ու նրանց զավակներն են այսօր Հայաստանը, ոչ թե Շարմի թռչկոտող հերոսները կամ նրանց վեր թռցնող իշխանությունը, որը իրական քաղաքացուն փորձել է այս ընթացքում գցել որքան հնարավոր է ցած: Որեւէ թշնամի երեւի թե չէր կարող այս աստիճան նվաստացնել հայաստանցիներին, որքան նվաստացրել է Հայաստանի իշխանական համակարգը, Հայաստանում իշխող արժեհամակարգը, Հայաստանում իշխող տեսակը»,- գրում է «Ժամանակ»-ը:

No comments: