Wednesday, September 14, 2011

Հայաստանը չպատասխանեց Իսրայելին

«Լրագիր» 14-9-2011- Թուրքիան դառնում է անվտանգության համաշխարհային համակարգի մաս, եւ դա նրան թույլ է տալիս սեփական շահերն ագրեսիվ առաջ տանել աշխարհում:
Արեւմտյան հանրությունը յուրահատուկ հրթիռային «հովանոց» է ստեղծում այն տարածքներում, որոնք համարում է իր պատասխանատվության գոտի: ԱՄՆ նման «հովանոց» է ստեղծել նաեւ Իսրայելում, եւ ներկայում փորձում է ծածկել Եվրոպան: Երեկ ԱՄՆ եւ Ռումինիան համաձայնագիր են ստորագրել այդ երկրում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության նոր համակարգ տեղադրելու մասին: Ավելի վաղ նման համաձայնագիր է ստորագրվել Լեհաստանի հետ:
Եւ ահա, «մերձավորների շրջանակ» է մտնում Թուրքիան, որը համաձայն է վատացնել հարաբերություններն Իրանի, Ռուսաստանի ու Իսրայելի հետ, միայն թե ինքն էլ հայտնվի Մհովանոցի» տակէ բարիկադների այս կողմում:
Ռուսաստանն ունի հակահրթիռային պաշտպանության սեփական համակարգ, որը ծածկում է ոչ միայն Ռուսաստանը, այլեւ, ամենայն հավանականությամբ, Բելառուսն ու Հայաստանը: ՆԱՏՕ-ն հրաժարվեց միավորել իր համակարգը Ռուսաստանի հետ, առաջարկելով ընդամենը համագործակցություն: Սակայն Ռուսաստանը չցանկացավ, եւ ներկայում թույլ փորձեր է անում դիմակայել ՆԱՏՕ-ի փորձերին՝ ամբողջացնելու միջուկային վահանը Եվրոպայի վրա:
Հայաստանը, չնայած այն բանին, որ թերեւս ծածկված է ռուսական համակարգով, հրապարակային դիրքորոշում չի հայտնել այն կապակցությամբ, որ հարեւան Թուրքիայում հնարավոր է տեղակայվի ՆԱՏՕ-ի հակահրթիռային բազա: Նմանապես, պաշտոնական Երեւանը չի արձագանքել Իսրայելի ԱԳ նախարար Լիբերմանի առաջարկին՝ կարգավորել հարաբերությունները սփյուռքի հայկական կազմակերպությունների հետ:
Չեն արձագանքել նաեւ սփյուռքի կազմակերպությունները, որոնք, ըստ ամենայնի, չեն ցանկանում, որ հայերի ցեղասպանության ճանաչման հարցը դառնա կարճաժամկետ կոնյունկտուրայի առարկա:
Միայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն է հայտարարել, որ Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները կարող են ստեղծել մեզ համար հարմար իրավիճակ, Ցեղասպանության միջազգային ճանաչման մասով, եւ դրան զուգահեռ՝ Ղարաբաղի ճանաչման հարցում, քանի որ հրեական լոբբին աշխարհում ամենաուժեղներից մեկն է:

No comments: