Saturday, September 3, 2011

Համայնքների ունեցվածքը վերադարձնելու Թուրքիայի որոշումն ավելի շատ քարոզչական նշանակություն ունի. թուրքագետ

Tert.am. 2-9-2011- Ազգային փոքրամասնություններին համայնքային ունեցվածքը վերադարձնելու թուրքական իշխանությունների հրամանն ավելի շատ քարոզչական նշանակություն ունի, քան նյութական օգուտ համայնքների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Ասուլիսին մասնակից մեկ այլ թուրքագետ Արտակ Շաքարյանն իր հերթին նշեց, որ Թուրքիայի դեմ մեծ թվով հայցեր կան Եվրադատարանում, որոնք պահանջում են Թուրքիայից համայնքներին վերադարձնել ապօրինաբար վերցված տարածքները: Բացի այդ, Շաքարյանի խոսքով, հոկտեմբերին սպասվում է Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության հաշվետվության հրապարակումը, և Թուրքիայի համար կարևոր է դրական տպավորություն ստեղծելը: Շաքարյանը համոզված է, որ այս, ինչպես նաև «Եվրոպական դատարանի աչքը փակելու» պատճառներով է Թուրքիան փոքրամասնություններին իրենց սեփականությունը վերադարձնելու որոշումը կայացրել: «Այնուամենայնիվ սա դրական որոշում է, լավ նախադեպ է ստեղծում, բայց դա ավազահատիկ է անապատում»,- նշեց նա:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը նշեց, որ տվյալ հրամանը վերաբերում է 1936-1974թթ. ընթացքում տվյալ համայնքներին պատկանող սեփականության վերադարձին: Չաքրյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, ըստ որի՝ այսօր փոխվել է ազգային փոքրամասնությունների քանակական կազմը, տվյալ գույքը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել ու այսօր համայնքներին գույքը վերադարձնելը բարդ գործընթաց կլինի: «Դրանք վերադարձնելը շատ նպատակահարմար է նաև Թուրքիայի համար, ստացող էլ չկա, տնօրինող էլ չկա»,- ընդգծեց թուրքագետը:
Հարցին, թե արդյո՞ք Թուրքիան այս ամենը հաշվարկելով է նման որոշում կայացրել, Արտակ Շաքարյանն արձագանքեց. «Թուրքիան միշտ էլ հաշվարկում է, չնայած երբեմն հիմար քայլեր էլ է անում»:

No comments: