Thursday, September 8, 2011

Արթուր Բաղդասարյանն ու Ֆիլիպ Լեֆորը քննարկել են Ղարաբաղի հիմնախնդիրը

PanARMENIAN.Net - 8 սեպտեմբերի 2011 - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, որը նախկինում զբաղեցնում էր Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության` Մայրցամաքային Եվրոպայի հարցերով վարչության պետի պաշտոնը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը:
Շնորհավորելով հյուրին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Արթուր Բաղդասարյանը մաղթել է հետագա արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ:
Պարոն Լեֆորը նշել է, որ Եվրամիությունում երկար քննարկումներից հետո որոշվել է որոշակի փոփոխություններով վերաբացել մանդատը` ներառելով հակամարտությունների կարգավորմանը և տարածաշրջանային զարգացմանը վերաբերող հարցերի շրջանակ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային իրադրության, տարածաշրջանային խնդիրների և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ բացառապես խաղաղ բանակցությունների և փոխընդունելի փոխզիջումների միջոցով հակամարտության կարգավորման Հայաստանի Հանրապետության հստակ և անփոփոխ դիրքորոշումը մշտապես հնչեցվել է տարբեր միջազգային հարթակներում: Այնուամենայնիվ, մեր հարևան երկրի գործելաոճն այս հարցում բնութագրվում է անսկզբունքայնությամբ և մերթընդմերթ ուղեկցվում նույնիսկ միջազգային հանրության համար էլ արդեն սովորական դարձած ռազմատենչ հայտարարություններով, ինչը լուրջ խոչընդոտ է հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի արդյունավետ իրականացման համար:
Պարոն Լեֆորը փաստել է, որ հիմնախնդի լուծման միակ ընդունելի տարբերակը խաղաղ ճանապարհն է և անընդունելի է համարել ռազմական ճանապարհով խնդրի լուծման ցանկացած փորձ:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության արդյունքում Հայաստանը դուրս է մնացել մի շարք ոլորտներում, այդ թվում էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում իրականացվող տարածաշրջանային ծրագրերից: Այս իրողությունը համահունչ չէ սերմանվող արժեքների` համերաշխության և փոխգործակցության վրա հիմնված եվրոպական ինտեգրացիայի գործընթացին:
ԱԱԽ քարտուղարը հավելել է, որ այնուհանդերձ Հայաստանը բաց է և պատրաստակամ իր հարևանների հետ հարաբերություններում և որդեգրել է կառուցողական դիրքորոշում:

No comments: