Thursday, September 8, 2011

Իրանցի վերլուծաբան. Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի տեղակայումը ուղղակիորեն սպառնում է Իրանի ազգային շահերին

Panorama.am.8-9-2011- Թուրքիայում ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի տեղակայումը դիտվում է որպես սպառնալիք և ուղղակիորեն սպառնում է Իրանի ազգային շահերին:
Այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքին տված հարցազրույցում նշել է, Կովկասի հարցերով իրանցի վերլուծաբան դոկտոր Հասան Բեհեշթի Փուրը:
Իրանցի գիտնականը, խոսելով Իրան-Թուրքիա հարաբերություններում առկա լարվածության մասին, երկու հանգամանք է մատնանշում: Առաջինն այն է, որ Թուրքիան իր համաձայնությունն է տվել, որպեսզի ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերը տեղակայվեն իր տարածքում, և դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ 2010թ. Էրդողանն ու Դավութօղլուն խոստացել էին, որ իրենց տարածքից ոչ մի սպառնալիք չի լինի` ուղղված հարևան պետություններին»:
Ըստ Բեհեշթի Փուրի` իրանա-թուրքական հարաբերությունների վատթարացման երկրորդ պատճառն այն է, որ Թուրքիայի ղեկավարությունը ցանկանում է, որպեսզի Սիրիայի նախագահը պաշտոնանկ արվի և հայտարարել է, թե այդ երկրի հետ կհամագործակցի և ներդրումներ կկատարի միայն իշխանափոխությունից հետո:
Նկատենք, որ Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի տեղակայման որոշմանը արձագանքեցին նաև Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարեց, որ Իրանը երբեք, ոչ մի վայրից իր ազգային շահերին սպառնացող ոչ մի ոտնձգություն չի հանդուրժի, ուստի իսլամական երկրներում Արևմուտքի ներկայությունը դիտովում է որպես այդ երկրների անվտանգությունը խաթարող և անհանգստություն առաջացնող տարր:
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էսմայիլ Քոուսարին էլ նշեց. «Թուրքիայի վարած երկակի և հակասական քաղաքականությունը տարածաշրջանի երկրների համար անընդունելի է:
Թուրքիայի վարած ներկայիս քաղաքականությունը կասկած և անվստահություն է հարուցում իսլամական երկրների շրջանում»:
Իսկ Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը նշեց, որ Թուրքիայում ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի տեղակայումը չի նպաստի տարածաշրջանի անվտանգության և կայունության պահպանմանը, նույնիսկ չի նպաստի հենց Թուրքիայի անվտանգությանը:
Բացի այդ, Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի տեղակայման որոշումն ընդունելուց օրեր անց` օգոստոսի 5-ին, ԻԻՀ ԶՈւ ռազմաօդային ուժերը հյուսիս-արևմտյան շրջաններում սկսեցին լայնածավալ օդային զորավարժություն անցկացնել, որին մասնակցեցին F4, F5, Su 24, MIG 29 և «Սաեղե» կործանիչները:

No comments: