Thursday, September 8, 2011

Հիլդա Չոբոյան. Թուրքական մամուլը հերթական անգամ խեղաթյուրել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի խոսքերը

News.am. 8-9-2011- Թուրքական մամուլը հերթական անգամ խեղաթյուրել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի խոսքերը՝ նշելով, թե նա, France 2 հեռուստաալիքով հեռարձակվող Vivement Dimanche հաղորդման ժամանակ, իբրեւ թե, ասել է. «Ցեղասպանություն եզրույթն ինձ անհանգստացնում է»:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՅԴ կուսակցության Հայ Դատի եւ քաղաքական հարցերի եվրոպական գրասենյակի ղեկավար Հիլդա Չոբոյանը: «Ամեն անգամ Թուրքիայի եւ թուրքերի մասին խոսելիս Շառլ Ազնավուրը փորձում է չափավոր ելույթներ ունենալ։ Այս դեպքում եւս նա փորձել է զանազանել թուրք անհատներին եւ թուրքական պետությունը։ Բայց այնպիսի արտահայտություն, թե իբր «Ցեղասպանություն եզրույթն ինձ անհանգստացնում է», շանսոնյեն չի արել, նա նման բան չի ասել։ Թուրքերը խեղաթյուրել են նրա խոսքերը։ Ազնավուրը միայն ասել է, որ իր համար ինչպես մեկ, այնպես էլ մեկուկես միլիոն հայերի սպանությունը նույնքան անթույլատրելի է։ Նա այդ հաղորդման ժամանակ ասել է, որ արդարություն պետք է լինի»,- ասաց Հիլդա Չոբոյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Ազնավուրը նշված հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարել մարդկության դեմ գործված այլ ոճիրների եւս՝ այդ թվում հրեաների ցեղասպանության թեմային։
Հայ գործիչը նկատեց, որ հավաստի է թուրքական մամուլի հրապարակման միայն այն հատվածը, որտեղ նշված է, որ մեծ շանսոնյեն ասել է, թե «թուրքերը բոլորովին այլ են, քան խոսվում է նրանց մասին, լավ մարդիկ են։ Այնտեղ եղանակը, ճաշատեսակները հրաշալի են»:Հայ Դատի եւ քաղաքական հարցերի եվրոպական գրասենյակի ղեկավարը հերքեց նաեւ թուրքական կողմի տարածած այն տեղեկատվությունը, թե իբր Ազնավուրի այդ խոսքերից հետո աշխարհի տարբեր ծայրերից հայերը շանսոնյեին մեղադրել են «ժխտողականության» եւ «դավաճանության մեջ»։
«Նման բան չկա, դա թուրքական մամուլի հերյուրանքն է»,- նկատեց նա։ Ամփոփելով՝ Հիլդա Չոբոյանն ընդգծեց, որ «պետք է հաշվի առնել՝ Ազնավուրը Ֆրանսիայում քաղաքական դեմք չէ, եւ խոսում է որպես արվեստագետ»: «Նա կեցվածքներ է արտահայտում, որ ընդհանրական են բոլոր արվեստագետների համար»,- շեշտեց Չոբոյանը։ Նշենք, որ թուրքական Millyet-ը հոդված է հրապարակել, որտեղ նշվել է, որ Շառլ Ազնավուրը France 2 հեռուստաալիքի Vivement Dimanche հաղորդման ժամանակ ասել է հետեւյալը. «Ցեղասպանություն եզրն ինձ անհանգստացնում է: Հայ-թուրքական սահմանի բացման եւ թուրքերի հետ երկխոսության ծավալման համար անհրաժեշտ է գտնել մեկ այլ բառ: Թուրքերը բոլորովին այլ են, քան խոսվում է նրանց մասին, լավ մարդիկ են։ Այնտեղ եղանակը, ճաշատեսակները հրաշալի են»:Թուրքական թերթը նշել է նաեւ, որ այդ խոսքերից հետո, սփյուռքի հայերը մեղադրել են Ազնավուրին «ժխտողականության» մեջ:

No comments: