Saturday, September 10, 2011

Փորձագետ. Առկա իրավիճակում երկրի առաջին պաշտպանի՝ բանակի մեջքը կոտրելը կարող է կործանարար լինել

Panorama.am. 9-9-2011- «Վերջերս բանակում գրանցված տարբեր բնույթի որոշ սարսափելի դեպքեր լուրջ անհանգստացնող և լարված ֆոն են ստեղծել հասարակության ներսում: Նման անհանգստության առաջացումը միանշանակ տեղին է և նույնիսկ պարտադիր հասարակական և առհասարակ ազգային խնդիրներով մտահոգված ցանկացած ՀՀ քաղաքացու համար: Սակայն պետք է նշել, որ դրա հետ մեկտեղ, որոշ ուժեր, անձնական շահերից ելնելով, փորձում են օգուտ քաղել զոհված զինծառայողների ծնողների նման ծանր հոգեվիճակից»,- այս մասին Panorama.am-ի ասաց ռազմական փորձագետ Էրիկ Երիցյանը:
Նրա հմոզմամբ՝ լուծում տալը առկա խնդիրներին միանշանակ հրամայական է մեր նման փոքր և խոցելի երկրի համար: «Եթե սա է մեր բանակի զարգացման գագաթնակետը, ապա մենք տապալման ենք դատապարտված, բայց վստահ եմ, որ սա չէ այն, ինչի մասին երազում էր մեր ժողովուրդը դեռ 90-ականներին, ու սա չէ այն ապագան, որի մասին երազում էր Մոնթեն և շատ այլ ազատամարտիկներ, որոնք, զոհելով իրենց կյանքը, հավատում էին և երանի էին տալիս այն Հայաստանին, որը դեռ պետք է «վաղը գար»»,- նշեց Երիցյանը:

Փորձագետի դիտարկմամբ, հասարակությունը պետք է օգնի և լուծում առաջարկի մեր երկրում առկա, այդ թվում՝ բանակի առջև ծառացած խնդիրներին:
«Ցանկացած առաջարկ իր հիմնավորումն է ենթադրում: Եթե ասում ենք լուծումը կադրային ջարդն է կամ իշխանափոխությունը, ապա դա ինքնին հիմնավորում է պահանջում:
Պետք է հասկանալ մի պարզ ճշմարտություն, որ առկա իրավիճակում երկրի առաջին պաշտպանի՝ բանակի մեջքը կոտրելը կարող է կործանարար լինել և դա է պատճառը, որ այս հարցում ցանկացած հայտարարություն ու բանակի վերաբերյալ գնահատական պետք է արտահայտվի բացառապես ճշտված տեղեկատվության հիման վրա»,- եզրափակեց նա:

No comments: