Tuesday, September 27, 2011

Անկախ մամուլի հաշւի չառնելու հետեւանքով

Աշխարհում կան մշակւած ձեւեր կամ ձեւաչափեր իշխանութեան եւ հասարակութեան միջեւ կապ պահպանելու, հարցեր ուղղելու եւ պատասխան ստանալու նպատակով, դրանցից ամենալայն տարածում գտած ձեւաչափը կոչւում է ՄԱՄՈՒԼ, խօսքը իհարկէ ազատ, ոչ կուսակցական մամուլի մասին է, որի միջոցով հասարակութիւնը յայտնում է իր տեսակէտը կամ արտայայտում իր բողոքը իշխանութեան այս կամ այն գործի կամ վարած քաղաքականութեան նկատմամբ, իսկ պատասխանատու իշխանութիւնը հաշւի է առնում դրանք, երբեմն պատասխանում կամ ցուցաբերում իր դիրքորոշումը։

Սա իհարկէ վերաբերուում է յանձնառու օրինապահ եւ կայացած իշխանութիւն եւ ազատ մամուլ, կամ ինչպէս ասում են չորրորդ իշխանութիւն ունեցող հասարակութիւններին: Մեր համայնքում սակայն, երբէմնի «ազգային իշխանութիւն» - լրատւական մենաշնորհ, որ գրեթէ տասնամյակներ վնասել է հասարակական առողջ կեանքին, այսօր այլեւս ոչ միայն չի ծառայում այլամերժ «իշխանականներին», այլ ընդհակառակը ազատ մամուլի գոյութեամբ մերկացվում է այդ զոյգի վնասաբեր իրողութիւնը:

Նման կարգավիճակներում յայտնւող հասարակութիւններում իշխանութիւնները դիմում են ցուցադրական քայլերի, ասենք օրինակ կազմակերպում են «հանդիպումներ ժողովրդի հետ» կամ «հանդիպումներ ժողովրդի համար» խորագրով ներկայացումներ, որոնց բուն նպատակն է ձեւացնել թէ՝ «ժողովրդի ձայնը լսւում է իշխանութեան կողմից» եւ, որ «ժողովուրդը կարող է նման հանդիպումների ընթացքում արծարծել իր հարցերը»։

Սակայն նման բեմադրութիւնները չեն յաջողում ու նախ եւ առաջ փաստում են մի պարզ իրականութիւն, այն է՝
Համայնքում լրատւութիւն իրականացնող կուսակցական օրաթերթը չի արտացոլում համայնքի իրական պատկերը եւ ոչ էլ համայնքում առկայ մթնոլորտը «ազգային իշխանութեան» ու նրա գործունէութեան հանդէպ, ուստի եւ «ազգային իշխանութեանը» ուրիշ ելք չի մնում, բացի այն, որ «դէմ առ դէմ հանդիպի հասարակութեան հետ՝ լսելու նրա ձայնը»։

Վստահ ենք սակայն, որ այս եւ նման ժամանակավրեպ երեւոյթները, ինչպէս նաեւ «ազգային իշխանութիւնների նման գործելաոճը այլեւս մնայուն չեն եւ չեն կարող շարունակւել: Արդիականացման հորձանքը գալիս եւ նորացնում է ամէն ինչ, հասել է նաեւ մեր համայնքի շէմին եւ ունի ասելիք՝ վճռական խօսք, թէկուզ հապաղած եւ մեծ կորուստների գնով. Կը գայ ժամանակ, որ համայնքում կը վերանան ամէն տեսակ մենաշնորհները (այդ շարքում նաեւ լրատուութիւն տարածելու), իսկ թէ այն օրը քանի՞ հայ կը մնայ համայնքում դժւարանում ենք ասել։

«Իրանահայեր» Լրատու Ցանց
Ռուբիկ Մինայեան


Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի այսօր տարածած յայտարարութիւնը կարդացէք ստորեւ

Այսու Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, ու Թ. Հ. Թեմական խորհուրդը ծրագրել է հանդիպումներ ժողովրդի հետ՝ փոխանցելու ազգային-հասարակական կեանքում առգոյ հարցերի եւ աշխատանքների վերաբերեալ տեղեկութիւններ եւ լսելու իրենց տեսակէտներն ու առաջարկները:
Հանդիպումները գումարւելու են կանոնաւոր պարբերականութեամբ (քառամսեայ), թեմիս տարբեր քաղաքամասերում թեհրանահայ համայնքի ներկայութեան ակնկալիքով:
Առաջին հանդիպումը տեղի է ունենալու շաբաթ, թւականիս հոկտեմբերի 22-ին, երեկ. ժամը 7:30-ին, Սասուն քաղաքամասի «Նայիրի» սրահում:
Ձեր ներկայութեամբ եւ առաջարկներով մեզ կուղղորդէք աւելի եռանդուն սպասարկութեան եւ յաջողութիւնների ձեռքբերման:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

No comments: