Tuesday, September 27, 2011

ԱԺ նախագահ. «Ցավոք, Թուրքիան պատրաստ չէր և այսօր էլ պատրաստ չի ավարտին հասցնել սկսած գործընթացը»

Panorama.am. 27-9-2011- «Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ միջազգային հանրության խնդիրն է, քանզի ժամանակին ճանաչված և դատապարտված չլինելով, այն ճանապարհ հարթեց 20-րդ դարի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցած ցեղասպանությունների ու էթնիկ բնաջնջումների համար: Ուստի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության և, հատկապես, Օսմանյան կայսրության իրավաժառանգորդ հանդիսացող Թուրքիայի կողմից, մենք դիտում ենք որպես նման ոճրագործությունների կանխարգելման լավագույն երաշխիք»:
Այս մասին Գերմանիայում աշխատանքային այցով գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան այցելության ժամանակ:
Պաշտոնյայի խոսքերով ` պատմական արդարության վերականգնումը Հայաստանը կարևորում է նաև երկու հարևան երկրների միջև և տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման համատեքստում: Ըստ Հ.Աբրահամյանի` Թուրքիան պետք է հետևի Գերմանիայի օրինակին, որ ճանաչեց Հոլոքոստը որպես պատմական իրողություն, և ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես Panorama.am-ին փոխանցում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հ.Աբրահամյանը մատնանշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ փորձ արվեց բարելավել հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև, այն էլ` առանց նախապայմանների: Սակայն. «Ցավոք, Թուրքիան պատրաստ չէր, և այսօր էլ պատրաստ չի իր տրամաբանական ավարտին հասցնել սկսած գործընթացը` արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո առաջ քաշելով նախապայմաններ, ինչը բացարձակապես անընդունելի է հայկական կողմի համար: Հարկ եմ համարում նշել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ձգտումով Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանությունը և հայրենազրկման իրողությունը»,- ասել է Հ.Աբրահամյանն ու ավելացրել` միջազգային հանրությանը հայտնի է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով:
Նշենք, որ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահն այսօր հանդիպելու է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ, իսկ երեկոյան Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի Բեռլինի մեծ համերգասրահում կայանալիք ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական համերգին ու պաշտոնական ընդունելությանը:

No comments: