Sunday, September 11, 2011

«ՆԱՏՕ-ի գումարներով Թուրքիան իրականություն կդարձնի իր երզանքը»

Aysor.am. 10-9-2011- «Թուրքիան, վերջին շրջանում հզոր ռազմաարդյունաբերական համալիր զարգացնելով, բացի այդ՝ փորձելով ինքնուրույն դերակատություն ունենալ Մերձավոր Արևելքում, այնունամենայնիվ, հասկացավ, որ հզոր բանակ ունենալու համար՝ մասնավորապես հակահրթիռային պաշտպանության ոլորտում, դեռևս լրջորեն կախված է Արևմտյան տեխնոլոգիաներից»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային կայանի տեղակայման խնդրին, նշեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
Փորձագետն ընդգծեց, որ Թուրքիան հակահրթիռային պաշտպանություն զարգացնելու մեծ ծրագիր էր նախատեսում, որի համար մեծ գումարներ էր պատրաստ հատկացնել։ Հետո այդ գումարները կրճատվեցին: Այս տեսանկյունից խնդրին մոտենալու դեպքում՝ կարելի է դիտարկել, որ այս քայլով Թուրքիան ուզում է ՆԱՏՕ-ի գումարներով ունենալ երազելի այն հակահրթիռային պաշտպանությունը, որն իքն ի վիճակի չէր սեփական գումարներով ունենալ։
«Սա շատ լրջորեն կբարձրացնի Թուրքիայի հակահրթիռային պաշտպանությունը, որը միանշանակ, իրադրությունը կլարի Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Իրանի հետ։ Բացառված չէ, որ այդ ուղղությամբ հարաբերությունները կլարվեն նաև Իսրայելի հետ, որովհետև դժվար թե Իսրայելը հանդուրժի Թուրքիայի հզորացող հակահրթիռային պաշտպանությունը։ Հարաբերությունները, միանշանակ, կլարվեն նաև Ռուսաստանի հետ։ Պատահական չէ, որ եվրոպական հակահրթիռային պաշտպանության նախագծի ցանկացած բաղադրիչի պլանավորման շուրջ Ռուսաստանում առաջացնում է համապատասխան արձագանք»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով՝ շատ զարմանալի է նաև որոշ ռուս փորձագետների այն դիրքորոշումը, թե Թուրքիայի տարածքում տեղակայվող տեղորոշման կայանը Ռուսաստանի համար վտանգ չի ներկայացնում։ «Մենք լավ գիտենք, որ նման տեղորոշման կայանները բավականին մեծ տարածություններ վերահսկելու հնարավորություն ունեն և, բացառված չէ, ընդգրկեն նաև Ռուսաստանի հարավային շրջանները»։
Փորձագետն ընդգծեց, որ նման տեխնոլոգիաներ աշխարհում շատ քիչ պետություններ են զարգացնում։ «Հակահրթիռային պաշտպանության նման համակարգ, ինչպիսին Արևմուտքը, Եվրոպան, ՆԱՏՕ-ն՝ ԱՄՆ-ի հետ ուզում են ստեղծել, աշխարհում բացառիկ մի բան կստացվի, որից նույնիսկ Ռուսաստանը, Պարսկաստանը չունեն։ Եվ դա է այն հիմնական պատճառներից մեկը, որ լարվածություն առաջանալու դեպքում` կարող է բերել այլ մրցավազքի»,- ընդգծեց ռազմական փորձագետը։

No comments: