Sunday, September 11, 2011

Պատմաբան. եթե ադրբեջանցիները հայկական եկեղեցիներն իրենցն են համարում, ապա ինչո՞ւ են ավերում

News.am. 10-9-2011- Եթե ադրբեջանցիները ժամանակակից Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները համարում են իրենց մշակութային ժառանգությունը, ապա անհասկանալի է, թե ինչու են դրանք ավերում: Նման կարծիք հայտնեց հայ պատմաբան Ռուբեն Գալիչյանը` իր «Պատմության առասպելականացում. Ադրբեջան, Հայաստան, հորինվածքներ եւ փաստեր» գրքի շնորհանդեսի ժամանակ, որը կայացավ Մոսկվայում:
Նա հիշեցրեց, որ մի շարք ադրբեջանցի պատմաբանների հավաստիացումներով` Ադրբեջանի տարածքում գտնվող եկեղեցիներն ու վանքերը կառուցել են կովկասյան ալբանների կողմից, որոնց ժառանգներն էլ իրենք` ադրբեջանցիներն են: Սակայն ալբանների մեծ մասը XII-րդ դարում իսլամ է ընդունել, այն դեպքում, երբ Ադրբեջանի տարածքում գտնվող շատ եկեղեցիներ եւ վանքեր կառուցվել են XII – XVIIIդդ:
Եթե ալբաններն իսլամ են ընդունել, ապա անհասկանալի է, թե ինչպես կարող էին հայկական եկեղեցիներ կառուցել: Եթե ենթադրենք, որ ալբաններն ադրբեջանցիների նախահայրերն են, եւ բոլոր այս հուշարձանները պատկանում են նրանց, ապա անհասկանալի է` ինչու է ոչնչացվում Ադրբեջանի մշակութային ժառանգությունը, նշեց Ռ. Գլիչյանը:
Պատմությունը խեղաթյուրելու եւս մեկ միջոց է այբուբենի փոփոխությունը: «Նրանք մի քանի անգամ այն փոխել են 20-րդ դարում. սկզբում դրանք ադրբեջանա-պարսկական էին, հետո լատինատառ, ավելի ուշ` կիրիլյան տառերն էին, հետո նորից` լատինատառ: Նրանք հասան նրան, որ այդ տարածքում հնուց ի վեր բնակվող մարդկանց գրքերը հնարավոր չէ կարդալ բնագրով» ,-ավելացրեց պատմաբանը:
Նրա խոսքով` այս խնդիրը լայնորեն ուսումնասիրվում է հայ գիտնականների կողմից, սակայն նրանց գործերը հրատարակվում են հայերեն կամ ռուսերեն եւ հասնելի չեն գիտական լայն շրջանակների համար:
Ռուբեն Գալիչյանի գիրքն անգլերեն է եւ իր ընկերոջ` Գագիկ Մելիքյանի աջակցությամբ թարգմանվել է նաեւ ռուսերեն եւ հայերեն:

No comments: