Wednesday, September 28, 2011

Ղարաբաղի խնդիրը շատ արագ կարող են լուծել Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը. Մաքսիմ Շևչենկո

Tert.am. 28-9-2011- Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև հստակ երկխոսության դեպքում հնարավոր է շատ արագ լուծել ղարաբաղյան հակամարտությունը։ Այս մասին ադրբեջանական 1news.az կայքի հետ զրույցում ասել է հայտնի ռուս լրագրող, վերլուծաբան, ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավար Մաքսիմ Շևչենկոն։
Ի պատասխան այն հարցին` «ինչպե՞ս կգնահատեիք գլխավոր միջնորդների այսօրվա դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում», Շևչենկոն ասել է. «Եթե հրդեհ է քո տանը, դժվար թե դու հանգցնես կրակը մեկ ուրիշի տանը։ Եթե խոսքը Եվրամիության մասին է, պետք է նշել, որ Եվրոպայում այժմ հրդեհ է՝ հրդեհ է Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում։ Որոշ ԵՄ անդամներ հայտարարում են նույնիսկ Եվրամիությունից դուրս գալու մասին։ Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ–ին, ես ընդհանարապես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները չպետք է իր քիթը խոթի տարածաշրջան։ Ես ցանկանում եմ, որ ամերիկացիները դադարեն լինել համահովանավորյալ խաղաղ կարգավորման գործընթացում. քանի դեռ ԱՄՆ–ը գտնվում է Կովկասում, այնտեղ խաղաղություն երբեք չի լինի։ Ամերիկացիները Կովկասում պատերազմների, այդ թվում ազգամիջյան և կրոնական գլխավոր սադրիչներից են»։
Ընդգծելով, որ անհրաժեշտ է ձերբազատվել ամերիկյան կախվածությունից, Շևչենկոն ընդգծել է, որ Կովկասում խաղաղությունը պետք է հաստատվի տարածաշրջանային գերտերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կողմից։

«Մեզ խանգարում է ամերիկյան կախվածությունը։ Այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե առանց ԱՄՆ–ի գլուխ չենք հանի։ Ահա Իրանը, առանց ԱՄՆ–ի հիանալի ապրում է։ Եվ երբ Անդրկովկասի երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ձերբազատվեն ցանկացած հարց Արևմուտքի, ԱՄՆ–ի, Եվրոպայի հետ համաձայնեցնելու խելացնորությունից, որոնք բացառությամբ նավթի որևէ առնչություն չունեն Կովկասի հետ, այդ դեպքում, հավանաբար, հնարավոր կլինի խաղաղություն բերել այդ հողեր»,– ասել է ռուս վերլուծաբանը՝ ավելացնելով. «Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կարող են ունենալ հակասություններ, ինչը նորմալ է։ Սակայն այդ երկրները կապված են Կովկասի հետ, եթե կուզեք, արյունակցական կապերով։ Կովկասում ապրում են մեր մտերիմները, բարեկամները, հարազատները։ Մենք մարդկային շահեր ունենք։ Իսկ Արևմուտքը հետապնդում է շահադիտական նպատակներ։ Նրանց հետաքրքրում են միայն խողովակաշարերը, գազի ու նավթի գները։
Իսկ ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, կարծում եմ, որ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև հստակ երկխոսության դեպքում այդ հարցը հնարավոր կլինի լուծել շատ արագ։ Մինչդեռ ԱՄՆ–ը շահագրգռված չէ այդ հիմնախնդրի կարգավորմամբ, ընդ որում, ոչ Երևանի, ոչ էլ Բաքվի օգտին։ Նրան հարկավոր է առկախված իրավիճակ»։
Պատասխանելով այն հարցին, թե «Ձեր կարծիքով՝ Ռուսաստանը գործընթացում կվերականգնի իր ակտիվությունը 2012թ. նախագահական ընտրությունների՞ց հետո, թե մինչև ընտրությունները մենք կկարողանանք տեղաշարժեր տեսնել բանակցային գործընթացում», Մաքսիմ Շևչենկոն ասել է. «Դա որևէ կերպ կապված չէ ընտրությունների հետ։ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ ՌԴ–ի որդեգրած քաղաքականությունը հայտնի է վաղուց և որևէ բանի հետ կապված չէ։ Մոսկվան շահագրգռված է խաղաղության հաստատմամբ։ Մենք շահագրգռված ենք այն բանով, որ երկու երկրների միջև երկխոսությունը հնարավոր լինի»։
Անդրադառնալով օրեր առաջ Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի կողմից ադրբեջանական անօդաչու թռչող սարքի ոչնչացմանը՝ Շևչենկոն ասել է. «Կարծում եմ, որ այդ տարածաշրջանում, նախ և առաջ, գործում են ամերիկյան անօդաչու սարքերը։ Որքան ես գիտեմ, դրանք բավականին վաղուց տեղակայվել են Վրաստանի տարածքում։ Այնպես որ, հենց այդ անօդաչու սարքերը, անհայտ ինքնաթիռներն են սավառնում ողջ Կովկասի տարածքով և դրանց անհնար է վերահսկել։ Ամերիկացիները հենց այդպես են կրակի վրա յուղ լցնելու և պատերազմ հրահրելու։ Նրանք դրանում շահագրգռված են»։

No comments: