Wednesday, September 21, 2011

Վրաստանի կրթության նախարարությունը հերքում է, որ Ջավախքում հայերի իրավունքները խախտվում են

Tert.am. 20-9-2011- Վրաստանի կրթության նախարարությունն անհիմն է անվանել Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի այն մեղադրանքները, թե Սամցխե–Ջավախքում խախտվում են հայերի իրավունքները։
Ինչպես հաղորդում է վրացական «Գրուզիա օնլայն» գործակալությունը, նախարարության հասարակության հետ կապերի վարչության պետ Նինո Պատրեժեբսկայան ասել է, որ Սամցխե–Ջավաքում ուսուցիչների կրճատում տեղի չի ունեցել, ավելին, ուսուցիչների թիվն աճել է՝ վրացերենի ժամերի քանակի ավելացման հաշվին։ «Դպրոցներում վրացերենի ժամերն ավելացվել են, բայց դա տեղի չի ունեցել մյուս առարկաների, կամ ուսուցիչների հաշվին։ Նախարարությունը չի պատրաստվում լրացուցիչ մեկնաբանություն անել այդ հարցի առնչությամբ»,–ասել է Պատրեժեբսկայան։
Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը նախորդ շաբաթավերջին հայտարարություն էր տարածել այն մասին, որ Սամցխե-Ջավախքի հայկական դպրոցներում ուսուցիչների ապօրինի և զանգվածային հեռացումներ են իրականացվում։ «Համեմատաբար երիտասարդների կողքին ծիծաղելի պատճառաբանություններով հեռացվում են նաև վաստակավոր և բազմամյա փորձ ունեցող մանկավարժներ, որոնց տեղերը մեկընդմիշտ բաց են մնում հայրենի դպրոցներում»,–ասված էր հայտարարության մեջ։

No comments: