Wednesday, September 21, 2011

ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավորները կմասնակցեն ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին

Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ սեպտեմբերի 21-ին կազմակերպվելիք զորահանդեսին առաջին անգամ կմասնակցեն ՀՀ Զինված ուժերում հոգեւոր սպասավորություն իրականացնող եկեղեցականները:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնել են, որ ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդությունը ստեղծվել է 1997-ին` Գարեգին Ա կաթողիկոսի եւ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ջանքերով: Նույն թվականին Մայր աթոռ սուրբ Էջմիածնի եւ ՊՆ-ի միջեւ ստորագրվել է փոխհամաձայնության հուշագիր, որով հստակեցվել է բանակի հոգեւոր սպասավորների գործունեության ոլորտը, առաջնորդության կառուցվածքը եւ նպատակները: Ներկայումս ավելի քան 40 հոգեւորականներ` կուսակրոն եւ ամուսնացյալ քահանաներ, սարկավագներ, հոգեւոր ծառայություն են իրականացնում Զինված ուժերում:
Հոբելյանական շքերթին բանակի հոգեւորականների դասը քայլելու է Զինված Ուժերի հոգեւոր առաջնորդության նոր ասեղնագործ դրոշի ներքո, որի օրհնության կարգը Գարեգին Բ-ն կատարել է սեպտեմբերի 16-ին սուրբ Էջմիածնի մայր տաճարում: Նռնաքարերով ու մարգարիտներով զարդարված խաչով պսակված դրոշի մի երեսին խաչի ասեղնագործ պատկերն է` «ՀՀ, ԶՈՒ հոգեւոր առաջնորդություն» գրությամբ, մյուս երեսին` Զինված ուժերի զինանշանը` «Օրհնյալ է մեր ուղին, զի Աստված ընդ մեզ է» գրությամբ: Եկեղեցականաց դասի առջեւից տարվելու են նաեւ խաչ եւ Ավետարան:

No comments: