Tuesday, September 6, 2011

Թուրքիայից վտարվել են Իսրայելի երեք դիվանագետները

News.am. 6-9-2011- Թուրքիայից վտարվել են Իսրայելի 3 դիվանագետներ: Իսրայելական մամուլի տեղեկություններով, նրանց շարքում է նաեւ դեսպան Գաբի Լեւին (նա արդեն վերադարձել է Իսրայել), ինչպես նաեւ դեսպանության աշխատակից Էլլա Օֆեքը եւ դեսպան Գերլ Էդրին: Նրանք Իսրայել կժամանեն մոտակա երկու օրվա ընթացքում:
Այդուհանդերձ, Թուրքիան դժգոհություն չի արտահայտում իր երկրում Իսրայելի աշխատակիցների իրականացրած ռազմական եւ քաղաքական առաքելության նկատմամբ, ովքեր դիվանագիտական կարգավիճակ չունեն, հաղորդում է ԻԱ «Կուրսորը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները կտրուկ սրվել էին «Ազատության նավատորմի» հետ պատահած միջադեպից հետո։ Միջադեպը գրանցվել էր 2010 թվականի մայիսի 31-ին։
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Իսրայելում գտնվող Թուրքիայի դիվանագիտական անձնակազմը ամենաուշը մինչեւ սեպտեմբերի 7-ը կվերադառնա հայրենիք:
«Մավի Մարմարա»-ի հետ կապված ՄԱԿ-ի զեկույցը ամերիկյան մամուլի միջոցով հայտնի դառնալուց հետո Դավութօղլուն խիստ է արձագանքել՝ շեշտելով, թե զեկույցն ավելի շատ քաղաքական է, քան իրավական, որը Թուրքիան չի ընդունելու։
Դավութօղլուն շեշտել էր, թե մինչեւ սեպտեմբերի 7-ը Իսրայելում գտնվող թուրք դիվանագետները, բացի 2-րդ կարգի քարտուղարից, կվերադառնան Թուրքիա։ Նախարարն ընդգծել էր, որ Իսրայելի հետ կնքված միլիոնավոր դոլարների ռազմական ծրագրերն առկախվելու են:

No comments: