Wednesday, September 28, 2011

cricsiՔոչարյանի՞, թե՞ Տեր-Պետրոսյանի գծին կհետևի Սերժ Սարգսյանը. բանավեճ

Tert.am. 28-9-2011- «Հայաստանի հանրապետությունում ընտրությունը կատարողը ժողովուրդն է, ժողովուրդն է ընտրելու իր նախագահին»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը այսօր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ խոսելով Պուտին-Մեդվեդև փոխատեղումների մասին լուրի հայաստանյան արձագանքի մասին: Նա նշեց, որ, իհարկե, կան արտաքին գործոններ, արտաքին տարրեր, որոնք կունենան իրենց ազդեցությունը, բայց պատգամավորը վստահ է, որ «առաջիկա երկու ընտրություններում ընտրություն կատարողը ժողովուրդն է լինելու»։
Հարցին, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա ակտիվ քաղաքականություն, ինչի մասին խոսվում է այս օրերին, ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Մենք գիտենք, որ Քոչարյանն իր ելույթներից մեկում, երբ արդեն նախագահ չէր, նշեց, որ ինքը կվերադառնա հրապարակային քաղաքական դաշտ, երբ ինքը կհայտարարի: Քանի դեռ նա այդ մասին չի հայտարարել, անշնորհակալ գործ է այդ մասին կանխատեսումներ անելը»: Ռուսաստանում պաշտոնյաների փոփոխությունն ու տեղափոխությունը, ըստ նրա, ազդեցություն չի ունենա, հայաստանյան ներքաղաքական կյանքում:
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, թե այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Ռուսաստանում, ռուսական պետության կենսունակության ապացույցն են, որովհետև Ռուսաստանի բոլոր թշնամիները, «ապագայի հարցում ինչ-ինչ բացասական ակնկալիքներ ունեցող շրջանակները» հույսեր ունեին, որ Ռուսաստանում կոշտ հակամարտություն տեղի կունենա իշխանության բուրգի գագաթին կանգնած երկու անձանց միջև, և դրա արդյունքում Ռուսաստանը կհայտնվի Խորհրդային Միության կարգավիճակում:
Ինչ վերաբերում է Պուտին-Մեդվեդև փոխատեղումների ազդեցությանը Հայաստանի քաղաքական կյանքում, Հովհաննիսյանը նշեց. «Եթե ՀԱԿ-ը իր քաղաքական հեռանկարը կապի այն տեսակետի հետ, որ ինքը կարող է պահանջված լինել Սերժ Սարգսյանի համար որպես գործոն, որը կչեզոքացնի Քոչարյանի ակտիվացումը, և դրա հաշվին կարողանա ակտիվացնել իր դերակատարությունը ՀՀ քաղաքական կյանքում, կհայտնվի այն նույն իրավիճակում, ինչ վիճակում հայտնվեցին Ռուսաստանի լիբերալները, որոնք հույս ունեին Պուտին-Մեդվեդև հակամարտության արդյունքում ակտիվանալ»: Հովհաննիսյանը նշեց, որ ռուսական վերջին փոփոխությունները Սերժ Սարգսյանին ստիպելու են կողմնորոշվել՝ որ կուրսին է հետևելու. «Այսօր Հայաստանում կա երկու գիծ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի գիծը, այլ գիծ չկա, և դա կապված է ԼՂ հարցի հետ, որը ձևավորվեց հաղթանակից անմիջապես հետո»,- ասաց Հովհաննիսյանը: Ըստ նրա, եթե Սերժ Սարգսյանը ընտրի Լևոն Տեր-Պետրոսյանի թեզը Ղարաբաղի հարցով, Քոչարյանը կդառնա երկրի առանցքային ընդդիմությունը: Երկրորդ տարբերակը, Հովհաննիսյանի խոսքով, կլինի այն, որ Սարգսյանը հայտարարի, թե ինքը հետևում է Քոչարյանի որդեգրած կուրսին:
ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց, թե Սերժ Սարգսյանի քաղաքական գիծը հստակ է, և այդ հարցում կողմնորոշվելու կարիք չկա:

No comments: