Sunday, September 4, 2011

Wikileaks. Գարեգին Բ-ն Յովանովիչին բողոքել է Իլյա 2-րդից

Tert.am. 3-9-2011- Wikileaks կայքի գաղտնազերծած փաստաթղթերից մեկն անդրադառնում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի և 2010թ. Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հանդիպմանը։ Ինչպես ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղված նամակում գրում է Յովանովիչը, Գարեգին 2–րդն ասել է, որ Հայ առաքելական եկեղեցին պատրաստ կլինի Վրաց ուղղափառ եկեղեցու և այլ անձանց հետ համատեղ հանձնաժողովի շրջանակում քննարկել Վրաստանում «վիճելի եկեղեցիների» սեփականության հարցը, ինչպես նաև Հյուսիսային Հայաստանում գտնվող այն եկեղեցիների հարցը, որոնց նկատմամբ վրացիները հավակնություն ունեն։ «Կաթողիկոսն ասաց, որ եթե Վրաց ուղղափառ եկեղեցին կարողանա ներկայացնել դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ապացույց, ինքն անձամբ կօգնի վրացական եկեղեցուն՝ դրանց վերադարձի հարցում»,– գրում է Յովանովիչը։
Հանդիպման ժամանակ կաթողիկոսը հայտնել է, որ Թբիլիսիում հայոց եպիսկոպոսը, ինչպես նաև Վան Բայբուրդը, որը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդականն է, հանդիպել են վրացի պատրիարքի հետ՝ քննարկելու Հայ առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակի և վեց վիճելի եկեղեցիների վերադարձի, կամ առնվազն դրանց պահպանման համար անհրաժեշտ միջոցների հատկացման հարցը, որը, սակայն, որևէ արդյունք չի տվել։
Կաթողիկոսն իր դժգոհությունն է հայտնել Վրաստանում հայկական եկեղեցիների վիճակի առնչությամբ։ Նա նշել է, որ դրանցից շատերը կործանման վտանգի տակ են, բայց քանի որ դրանք Վրաստանի կառավարության սեփականությունն են, Հայ առաքելական եկեղեցին չի կարողանում վերականգնողական աշխատանքներ իրականացնել՝ դրանց հետագա վատթարացումը կանխելու համար։
Գարեգին 2–րդը նաև ասել է, որ Վրաստանում հայերի կրոնական հարցերի լուծման համար խոչընդոտ է հենց Վրաց ուղղափառ եկեղեցին, որը շատ մեծ ազդեցություն ունի Վրաստանի կառավարության վրա։ Նա նաև ասել է, որ վերջին տարիներին վրացական եկեղեցին ավելի պահպանողական է դարձել, իսկ ներկայիս վրաց պատրիարքի օրոք, ըստ կաթողիկոսի, դժվար թե որևէ առաջընթաց գրանցվի, քանի որ վերջինս կտրականապես դեմ է Վրաստանում այլ կրոնական միություներին իրավական հավասար կարգավիճակի տրամադրմանը:

No comments: