Sunday, September 4, 2011

Իսրայելի եւ Հայաստանի «կցումը»

Վերջին ամիսներին Հայաստանի ու Իսրայելի, ավելի ճիշտ հայ-հրեական հարաբերություններում նոր սյուժեներ են ի հայտ եկել, որը ենթադրում է առավել լայն ընդգրկում: Իսրայելում որոշակի բանավեճ կա այդ երկրի խորհրդարանում հայերի 1915 թ. ցեղասպանությունը ճանաչելու հնարավորության կապակցությամբ, որի մեջ ներգրավված են զանազան քաղաքական կուսակցություններ: Ավելին, տվյալ հարցը, իսրայելցի քաղաքական գործիչների ու մեկնաբանների կարծիքով, սկսել է օգտագործվել ներքաղաքական պայքարում: Ավելի վաղ, Իսրայելի պաշտոնական քաղաքականությունը հանգում էր 1915 թ. իրադարձությունները որպես ցեղասպանություն գնահատելու հերքմանը, եւ այս դիրքորոշմանն էին նաեւ ԱՄՆ-ում եւ այլ ազդեցիկ երկրներում հրեական հասարակական կազմակերպությունները: Այս դիրքորոշումը բազիսային էր Թուրքիայի եւ հետագայում Ադրբեջանի հետ հարաբերությունների կառուցման հարցում:
Վերջին տարիներին համաշխարհային հրեական հանրությունը հակված է այ կերպ դիտարկել այս խնդիրը, ինչը տարբեր պատճառներ ունի: Ես երկար տարիներ շփվել եմ Արեւմուտքի տարբեր երկրներում հրեական հասարակական եւ քաղաքական շրջանակների հետ, եւ ըստ այդմ կարելի է որոշել տվյալ խնդրի կապակցությամբ հրեական հասարակության դիրքորոշման սահմանումները:
Նախեւառաջ, պետք է ասել, որ ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ Իսրայելի հրեաների իրապես ինտելեկտուալ շրջանակներում միշտ եղել են նրանք, ովքեր, հնարավոր է լինելով քաղաքականությունից հեռու, այնուամենայնիվ հասկանում էին, որ Իսրայելի եւ հրեական հասարակության տվյալ դիրքորոշումը փակուղային է եւ ընդհանուր առմամբ անիմաստ, քանի որ այն գործոնները, որոնք պայմանավորում են այդ դիրքորոշումը, ժամանակավոր նշանակություն ունեն:
Դեռեւս 90-ականների վերջին, հրեական համայնքների եւ Իսրայելի հեռատես շատ ներկայացուցիչներ ու գործիչներ հասկանում էին, որ Թուրքիայի հետ հարաբերությունները մոտենում են վերանայման, եւ սպասվում են նոր սյուժեներ թուրք-իսրայելական հարաբերություններում: Այս դիրքորոշումը կարելի է որակել որպես «անկեղծ» եւ հնարավոր է ապաքաղաքական, թեեւ պարունակում էր քաղաքական որոշակի վերլուծություն:
Մյուս մոտիվացիան ավելի պրագմատիկ վերաբերմունքն էր տվյալ խնդրին, այն է՝ Իսրայելի ու ԱՄՆ-ում ու այլ երկրներում հրեական համայքների համար ավելի ու ավելի անհարմար էր դառնում լիբերալ հասարակության մեջ, երբ մերժում կամ կասկածի են ենթարկում ցեղասպանության փաստը: Ամերիկյան եւ եվրոպական հասարակության մեջ անհնար է պաշտպանել ժողովրդավարական սկզբունքները եւ ցուցադրել Իսրայելի ժողովրդավարական առավելությունները, միաժամանակ ժխտելով հայերի ցեղասպանությունը, որը ճանաչվում է առանց բացառության բոլոր քաղաքական գործիչների կողմից, այդ թվում եւ ԱՄՆ նախագահների: Այն, որ ԱՄՆ պաշտոնապես չի ճանաչել ցեղասպանությունը, չի նշանակում, որ ԱՄՆ համարում է, թե այն չի եղել:
Եւ երրորդ մոտիվացիան զուտ պրագմատիկ է, երբ Թուրքիան գերադասում է Իսրայելի հետ հարաբերություններում դիմել արկածախնդրությունների, ինչը թուրքական քաղաքականության համար դարձել է կարեւոր հնարք Մերձավոր Արեւելքում:
Պետք է ասել, որ արաբական երկրները, ինչպես նաեւ Իրանը, ամենեւին էլ ուրախ չեն Թուրքիայի տվյալ հակաիսրայելական դիրքորոշմամբ: Նախ, արաբ եւ իրանցի գործիչները հիանալի հասկանում են, որ այդ հնարքներով Թուրքիան փորձում է ուժեղացնել իր էքսպանսիան եւ ներկայությունը տարածաշրջանում: Սա առանձին եւ մեծ թեմա է, եւ պետք է հասկանալ, որ Թուրքիայի հասցեին արաբական երկրների որոշակի հաճոյախոսություններն ունեն դրվագային նշանակություն, քանի որ արաբական առաջատար երկրները հասկանալի պայմանավորվածություններ ունեն ԱՄՆ հետ թուրքական էքսպանսիային հակազդելու վերաբերյալ: Ներկայում Թուրքիան համոզվել է դիմակայության պայմաններում եւ առանց ԱՄՆ աջակցության նեօսմանիզմի քաղաքականության անհեռանկարայնության մեջ: Առաջացել է խաղային բարդ իրավիճակ, երբ Թուրքիան դեռ շատ տարիներ փորձելու է հաստատել իր դիրքերը մերձավոր Արեւելքում եւ այլ տարածաշրջաններում, եւ հակաիսրայելական կուրսն առայժմ մնում է որպես թուրքական արտաքին քաղաքականության ռեսուրս:
Միաժամանակ, առաջացել են նոր հանգամանքներ, այսինքն` Իսրայելի ու Ադրբեջանի մերձեցումը, որն ավելի ու ավելի շատ իսրայելական զենքեր է ստանում, ընդ որում, այնպիսիք, որն ուրիշ ոչ մի տեղի չի կարող ստանալ: Բացի այդ, Իսրայելն օգտագործում է Բաքու-Ջեյհան նավթամուղով մատակարարվող նավթի 30 տոկոսը:
“Իսրայելը մեր տունն է” խմբակցության անդամ, ԱԳ նախարարի տեղակալ Դանի Այալոնը հայտարարել է. “Ոչ մի հնարավորություն չկա, որ Կնեսետը կճանաչի հայոց ցեղասպանությունը: Դա անհնար է: Մենք չենք կարող մեզ թույլ տալ հարյուր տարվա վաղեմություն ունեցող պատմության վիճելի հարցերի պատճառով փչացնել հարաբերությունները մուսուլմանական աշխարհում գլխավոր ռազմավարական գործընկերոջ` Ադրբեջանի հետ”:
Պետք է հասկանալ, որ Իսրայելը, ինչպես և նախկինում էր, բավական շահագրգռված է “գործընկերների երկրորդ շրջանակով”, և շարունակելու է “արաբական գոտուց” դուրս գտնվող պետությունների հետ հարաբերությունների կառուցումը, որն առաջարկվել է դեռևս Բեն Գուրիոնի օրոք:
Իսրայելը սկզբունքորեն շահագրգռված է Ադրբեջանով, առավել ևս Թուրքիայի հետ վատթարացող հարաբերությունների պայմաններում: Եթե նույնիսկ ենթադրենք, որ ժամանակի հետ արաբաիսրայելական հարաբերություններն արմատական փոփոխություններ կկրեն, իսկ Իսրայելը կինտեգրվի արաբական աշխարհին, Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ նրա հետաքրքրությունը կպահպանվի: Իսկ Ադրբեջանը հանդես է գալիս 1915 թ ցեղասպանության ճանաչման դեմ ոչ պակաս չափով, քան Թուրքիան:
Թուրքական և իսրայելական վերնախավերը հրապարակային ու պաշտոնական հարաբերությունների կողքին “միաձուլման” ու “միակցման” բազմաթիվ կետեր ու գոտիներ ունեն: Դրանում մեծ գաղտնիքներ չկան, այդ թեման լավ մշակված ու հայտնի է, և երկու պետությունները, սկզբունքային համատեքստում ոչ քիչ ընդհանուր շահեր և հակառակորդներ ունեն, որը մնում է նրանց հարաբերությունների պահեստում, անկախ այդ երկրներում իշխող կուսակցություններից:
Ժամանակին հայ-իսրայելական հարաբերությունների հարցը քննարկել են ամերիկյան Ժառանգություն հիմնադրամի փորձագետ Արիել Կոենի հետ, որին դժվար է կասկածել հայերի նկատմամբ որեւէ համակրանքի մեջ: Նրա կարծիքով, Իսրայելի և Հայաստանի “կցումը” լավագույն կերպով կարող է տեղի ունենալ “ռուսական արենայում”: Իմ կարծիքով, սա շատ հետաքրքիր առաջարկ է և կարևորն այն է, որ շահագրգռվածություն է նկատվում:
Իգոր Մուրադյան

No comments: