Saturday, September 3, 2011

WikiLeaks. Թուրքերի մեծ մասը տեղեկացված չէ հայկական կոտորածների մասին

News.am. 2-9-2011- WikiLeaks-ի բացահայտումներից մեկը վերաբերում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատկերացումներին:
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսությունից ԱՄՆ պետքարտուղարություն ուղարկված գաղտնի նամակում, որն ուղարկվել է 2003-ի մայիսի 7-ին, նշվում է, որ ըստ իրականացված հետազոտության, Ստամբուլի բնակիչների մեծամասնությունը անգամ տեղյակ չէ, որ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում զանգվածաբար հայեր են կոտորվել: Թուրքերի մեծ մասը կարծում է, որ եթե անգամ ինչ-որ կոտորածներ եղել են, ապա դրանք եղել են արտաքին ներխուժումների կամ ապստամբությունների հետեւանքով:
Գաղտնի նամակում նշվում է, որ թուրքերին վախեցնում է Ցեղասպանության ճանաչման դեպքում դրա փոխհատուցման խնդիրը: Նշվում է նաեւ, որ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ քննարկումները հակաամերիկյան տրամադրություններ են առաջ բերում Թուրքիայում:
Այդուհանդերձ, Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսությունից ուղարված գաղտնի նամակում նշվում է, որ վերջին տարիներին ցեղասպանության թեմաներով հրապարակումներ են լինում, ինչը նախկինում արգելված էր: Ըստ այդմ, նշվում է, որ Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը հայտարարել է, որ թուրքական կառավարությունը հասկացել է, որ դատական հետապնդումները ավելի են մեծացնում միջազգային հնչեղությունը այդ հարցի վերաբերյալ, դրա համար արգելքները մի փոքր հանվել են: Դինքը խոսել է նաեւ հայ-թուրքական սահմանի փակ լինելու մասին, հույս հայտնելով, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության ճանապարհին այդ խնդեիրը նույնպես կլուծվի:

No comments: