Saturday, September 3, 2011

Պոլսի Հայոց պատրիարքը ամերիկացիների մոտ բողոքել է Քոչարյանից, Գարեգին Բ-ից և Սփյուռքից. WikiLeaks

HayNews.am. 2-9-2011- «Վիքիլիքս» կայքի հրապարակումների շարքից այս անգամ առանձնացրել ենք Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի` Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հնչեցրած քննադատությունը:
Փաստաթուղթը թվագրված է 2003 թվականի մարտի 26-ին: Այն ուղարկվել է Վաշինգթոն Ստամբուլի հյուպատոսությունից:
Այսպես, ըստ այդ փաստաթղթի, ամերիկացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Պոլսո պատրիարք Մեսրոպ Բ-ն մեղադրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և նախագահ Քոչարյանին` հայկական եկեղեցու ներսում աճող լարվածության մեջ:
Պոլսո պատրիարքը նաև բողոքել է Սփյուռքից` նշելով, որ այն կենտրոնացած է միայն Հայոց ցեղասպանության (իմիջիայլոց, նամակում ցեղասպանություն բառը գրված է փոքրատառով ու առնված է չակերտների մեջ) վրա և չի պաշտպանում Հայաստանի և Թուրքիայի միջև մերձեցումը:
Զրույցի ժամանակ Պոլսո պատրիարքը նշել է, որ Թուրքիայի հայ համայնքը մի շարք խնդիրների է բախվում, ոտնահարվում են համայնքի իրավունքները: Հայազգի հոգևորականն անդրադարձել է նաև Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP), որը նոր էր եկել իշխանության: Պատրիարքը նշել է, որ հայ համայնքը որոշակի դրական փոփոխություններ է սպասում նոր կուսակցությունից, որը շատ է խոսում իրավունքների ընդլայնումից:
Նամակում գրված է. «Թեև Կաթողիկոսի և Պատրիարքի միջև անձնական հարաբերությունները լավ են, սակայն Մեսրոպ Բ-ն նշում է, որ Գարեգին Բ-ն ամեն կերպ ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը եկեղեցու ներսում: Գարեգին Բ-ի ընտրությունները ժողովրդավար չեն եղել և ղեկավարվել են Քոչարյանի կողմից»,-ասել է Մութաֆյանը»:
Պոլսո հայոց պատրիարքը նաև նշել է, որ «Թուրքիայում Հայ Առաքելական Եկեղեցու հետևող հայ համայնքի թիվը կազմում է 50-60 հազար մարդ` չհաշված մի քանի հազար հայ կաթոլիկներին: Թուրքական իշխանությունները նշում են 80 հազար մարդու մասին, սակայն Մեսրոպը նշում է, որ այդ թիվն իրականությանը չի համապատասխանում, քանի որ մի քանի հազար հայ արդեն լքել են Թուրքիան:
Պոլսո պատրիարքը չի մոռացել նաև ծպտյալ հայերին` նշելով, որ «Թուրքիայում կարող է լինել շուրջ 1 մլն մարդ, ով գիտի, որ ինքը հայ է»:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` պատրիարքը նշել է, թե «խնդիրն իրականում Սփյուռքի հետ է»,-նշել է հայ հոգևորականը և հավելել, որ «Սփյուռքը հետաքրքրված չէ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացմամբ, և նրան հետաքրքրում է միայն Ցեղասպանության հարցը»:
«Տարիքով թուրքերն ընդունում են Ցեղասպանության փաստը, սակայն բարձրաձայն չեն արտահայտվում»,-ասել է նա: Պատրիարքը նաև նշել է, որ ինքը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորվեն. «Ես անգամ պատրաստ եմ գնալ Ադրբեջան և հանդիպել մուֆտիի հետ: Այս մասին ես ասել եմ Թուրքիայիկրոնի հարցերով նախարար Մեհմեթ Նուրի Յըլմազին»:
Նշենք, որ 2008 թվականից Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն անբուժելի հիվանդ է (տառապում է Ալցհայմերի հիվանդությամբ): Վերջինիս պարտականությունները կատարում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

No comments: