Sunday, September 11, 2011

Հայաստանի էներգետիկ անկախությունը սարերի ետևում չէ. World Politics Review

Tert.am. 10-9-2011- Ամերիկյան հայտնի քաղաքական պարբերականն անդրադարձել է Հայաստանի և Մեն կղզում գրանցված հանքային, գազային և նավթային ոլորտում մասնագիտացած International Minerals & Mines Limited կազմակերպության միջև կնքված հուշագրին և դրա շնորհիվ Հայաստանի առջև բացվող հնարավոր հեռանկարներին։
Հոդվածագիր Մայքլ Սեսայրը նշում է, որ եթե Հայաստանում այրվող թերթաքարերի պաշարների մասշտաբային կոմերցիոն արդյունահանում սկսվի, դա որոշակի էներգետիկ անկախություն կտա դեպի ծով ելք չունեցող հարավկովկասյան պետությանը, որն արդյունքում ձեռք կբերի աշխարհաքաղաքական նոր ազատություն:
Օգոստոսի 3-ին ստորագրված հուշագիրը շարունակությունն էր ավելի վաղ` հունիսին, ԱՄՆ պետդեպի և ՀՀ կառավարության միջև կնքված համաձայնագրի, որը ենթադրում էր մեր երկրի տարածքում գոյություն ունեցող այրվող թերթաքարերի պաշարների տեխնիկատնտեսական համատեղ հետազոտում:
1994–ին արված հետազոտության համաձայն Արամուսի շրջանում մոտ 44 միլիոն տոննա թերթաքարային նավթ կա, իսկ 2005–ին արված մեկ այլ հետազոտություն ցույց էր տվել, որ նույն հումքից մինչև 18 միլիոն տոննա կա Իջևանում, Շամուտում և Ջերմանիսում, և մինչև 128 միլիոն տոննա Դիլիջանում։
Սեսայրը նշում է, որ այսօր Հայաստանն իր վառելիքի զգալի մասը ստանում է Ռուսաստանից, որը վերահսկում է հայկական էներգետիկ համակարգի մոտ 80%-ը։ Իրավիճակը Երևանի համար բարդանում է աշխարհագրական դիրքով։
«Հայաստանը, ղարաբաղյան հակամարտությունից սկսած իրեն աջակցող Ռուսաստանից բաժանված է հստակ հակառուսական Վրաստանով, իսկ արևելքից ու արևմուտքից Հայաստանը շրջապատված է թշնամի Թուրքիայով ու Ադրբեջանով։ Այս իրավիճակը Հայաստանը դարձնում է մեկուսացված պետություն։ Հայաստանը փորձում էր նմանվել Ղազախստանին՝ միաժամանակ ակտիվ աշխատելով և Մոսկվայի, և Արևմուտքի հետ։ Ռուսաստանի ռազմական և տնտեսական օգնությունը երկրին նշանակալի է և գործնականում էական։ Նույնիսկ երբ Հայաստանի և Ռուսաստանի միությունը փորձության է ենթարկվում վիճահարույց հարցերով, ինչպիսիք են Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքը, Հայաստանը այլընտրանք չի ունենում։
Հայաստանի էներգետիկ ռեսուրսների ներկրման դիվերսիֆիկացման փորձ էր Իրանից գազատարի կառուցումը։ Սակայն, հետագայում մեղադրանքներ ի հայտ եկան, որ Ռուսաստանն օգտագործում է իր քաղաքական ազդեցությունն ու Հայաստանի էներգետիկ ոլորտում ունեցած գերիշխող դիրքը` Հայաստան էներգետիկ պաշարների ներկրման դիվերսիֆիկացումը նվազեցնելու և խափանելու նպատակով։ Եվ եթե նույնիսկ Իրանին ներքին էներգետիկ ոլորտում ավելի մեծ ազատություն տալու Երևանի փորձը որոշակի հաջողություն ունեցավ, Թեհրանի մեկուսացվածության ու ներքին անկայունության պատճառով այն վստահելի գործընկեր չէ:
Այս համատեքստում սեփական բնական էներգետիկ պաշարները կնվազեցնեն Երևանի կախվածությունը արտաքին էներգիայից և կապերը տարածաշրջանային ռևվանշիստական ուժերի հետ։ ԱՄՆ–ը վաղուց է շահագրգռված Հայաստանի տնտեսական զարգացմամբ ու եվրոատլանտյան համակարգին Երևանի ինտեգրմամբ, իսկ էներգետիկ ռեսուրսների համատեղ մշակումն ու արդյունահանումը, հենց այդ նպատակի իրականացմանը կծառայի։
Արտաքին ուժերից կախվածության նվազումն ու բարեկեցության աճը Հայաստանի համար հետագայում ավելի անկախ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորություն է ստեղծում։ Դա հնարավոր է` փոխի տարածաշրջանային դինամիկան, մասնավորապես, Թուրքիայի հետ երկխոսության խթանման հարցում, ինչպես նաև թուլացնի Ղարաբաղի շուրջ լարվածությունը։ Չնայած էներգետիկ անկախությունը պատմականորեն քիչ երաշխիքներ է ապահովում, սակայն դա հնարավորություն է տալիս բարեկամներ ու գործընկերներ ընտրել` նրանց առավելությունների վրա հիմնվելով, այլ ոչ միայն երկրի գոյությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով», – գրված է հոդվածում։
«Հայկական էներգետիկ անկախությունը սարերի ետևում չէ, և անպատասխան է մնում այն հարցը, թե ինչ ազդեցություն կունենա սեփական ռեսուրսների հայտնաբերումն ու արդյունահանումը աշխարհաքաղաքական ուրվագծերի վրա։ Չի բացառվում, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ պաշարներն իրականում այնքան էլ շատ չեն։ Սակայն այս պահին ներքին պաշարների հեռանկարը Հայաստանին ապագայում սեփական ուղով շարժվելու գայթակղիչ նշույլներ է տալիս»,– եզրափակում է Մայքլ Սեսայրը։

No comments: