Monday, October 3, 2011

Լեգենդը, թե ավանդները թալանել են անկախացած երկրների իշխանությունները, 20–րդ դարի ամենամեծ սուտն է. Լևոն Տեր–Պետրոսյան

Tert.am. 2-10-2011- 579 ավանդատուներ երեկ միասնական նամակ են ուղարկել Լևոն Տեր–Պետրոսյանին։ ՀՀ առաջին նախագահը այսօր Ազատության հրապարակում հերթական հանրավաքի ժամանակ կարդաց նամակը, որում, մասնավորապես, ասվում էր. «Հարգելի Լևոն Տեր–Պետրոսյան, Ձեզ գրում են Ձեր իսկ կողմից փոսը նետված ավանդատուները, քանի որ այդ ավանդների հարցը մնացել է չլուծված։ Ինչ եք մտածում այդ հարցով, այն դեպքում, երբ նույնիսկ ԼՂՀ–ում և մի շարք այլ պետություններում ավանդները վերադարձվել են և վերադարձվում են։ Ինչ կարելիէ ասել, երբ ավանդատուների ժառանգներն անտեսվում են»։
Լևոն Տեր–Պետրոսյանը նամակին պատասխանեց Ազատության հրապարակի ամբիոնից։ Նրա այսօրվա ելույթն ամբողջությամբ նվիրված էր խաբված ավանդատուների թեմային.
«Ինչ ասել է Ձեր իսկ նախաձեռնությամբ, դրա մասին ես արդեն խոսել եմ։ Խոսքը վերաբերում է ԽՍՀՄ ավանդատուների ավանդների սառեցմանը։ Լեգենդ եղավ, թե այդ ավանդները թալանել են ԽՍՀՄ–ից անկախացած պետություններում իշխանության եկած անձինք։ Սա 20–րդ դարի ամենամեծ սուտն է։ Ավանդները սառեցվել են 1991թ., երբ ԽՍՀՄ–ը դեռ գոյություն ուներ։ Դա կատարվել է Գորբաչովի կողմից նշանակված ֆինանսների նախարար Պովլովի կողմից, բայց պետք է ասեմ, որ Հայաստանը միակ երկիրն է, որ կարողացավ մեկ շաբաթ չենթարկվել, և հնարավորության չափով վերադարձնել ավանդները։ Դրանց ընդհանուր արժեքը կազմում է չորսուկես միլիարդ ռուբլի։ Իսկ էմիսիան գալիս էր Ռուսաստանից։
Չեմ ասում, որ մենք պետք է ձեռքերս լվանանք և չվերադարձնենք այդ գումարները։ Այս առումով կետ կա իմ նախընտրական ծրագրում։ Պետք է բնակչության ավանդները ձևակերպենք որպես պարտատոմսեր։ Այդ հրաշալի միտքը Հրանտ Բագրատյանի գաղափարն է։ Ստալինը նույնպես թողարկեց պարտատոմսեր՝ պահումներ անելով քաղաքացիների աշխատավարձերից։ Պետությունը չէր շտապում գնել դրանք։ Գործընթացը սկսվեց միայն Խրուշչովի տարիներին, երբ տնտեսությունը զարգացավ։ Կարող էինք նույն մեխանիզմը կիրառել նաև Հայաստանում։ Չորսուկես միլիարդն այն ժամանակվա փոխարժեքով հավասար է մեկ միլիարդ դոլարի։ Պետությունը ժողովրդին պարտք է մեկ միլիարդ դոլար։ Դա մեծ գումար չէ։ Այսօր ՀՀ արտաքին պարտքը չորս միլիարդ է, կարող է մեկ միլիարդ էլ ավել լինել։ Մեր կողմից առաջարկվող պարտատոմսերը կարող են գնվել, վաճառվել անգամ կտակ թողնվել։ Դրանք կարող են մարվել 20 տարվա ընթացքում»։

No comments: