Saturday, October 8, 2011

ԹՅՈՒՐՔԱԼԵԶՈՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

Դա անցել է «Մեկ ազգ, վեց պետություն» կարգախոսով
«ԱԶԳ», 07-10-2011 - Մերձավոր եւ Միջին Արեւելքում առանցքային դեր ստանձնելու թուրքական հավակնությունները հայտնի են: Սակայն ավելի քան հայտնի է, որ Թուրքիան այդ դերը կստանձնի այն դեպքում միայն, եթե Մ. Նահանգները հատկացնի նրան: Թերեւս դա է պատճառը, որ Լիբիայի եւ Սիրիայի հարցերում Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու մղումով նա հարձակման թիրախ է դարձնում նախագահներ Մուամմար Քադդաֆիին եւ Բաշար Ասադին, որոնց հետ մինչ այդ սերտ բարեկամական հարաբերություններ էր պահպանում:
Ավելին, հոկտեմբերի 4-ին մինչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ու Չինաստանի վետոյի պատճառով տապալվում էր Սիրիային դատապարտող բանաձեւը, որը նաեւ պատժամիջոցներ էր ենթադրում, հաջորդ օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գտնվելով պաշտոնական այցով Հարավաֆրիկյան Հանրապետությունում, հայտարարում է. «Ահավասիկ երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության դրվեց բանաձեւը: Մշտական անդամներից երկուսը վետո դրեցին: Այսպիսով ցավալիորեն տապալվեց նախազգուշացման բնույթ կրող այդ բանաձեւը: Իհարկե, այս վետոն խոչընդոտ չէ Թուրքիայի պատժամիջոցների համար: Կամա թե ակամա մենք շրջանառության մեջ ենք դնելու Սիրիայի համար նախատեսվող պատժամիջոցների փաթեթը»:
Վարչապետ Էրդողանը փաթեթի մանրամասներին չանդրադարձավ: Կանդրադառնա հոկտեմբերի 9-ին, երբ կայցելի սիրիացի փախստականների համար Հաթայի մոտակայքում տեղակայված ճամբարը: Սակայն ինչպիսին էլ լինեն պատժամիջոցները, տարածաշրջանում առանցքային դեր չեն ապահովի Թուրքիային: Ոչ էլ հոկտեմբերի 5-ին Անկարայում թյուրքալեզու հանրապետությունների անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում կազմակերպելը կօգնի Թուրքիային ազդեցության տակ վերցնելու Հարավային Կովկասն ու Միջին Ասիան: Ազդեցությունը դեռ մի կողմ, Թուրքիային նույնիսկ չի հաջողվում դիրքեր ամրապնդել այս հանրապետություններում: Մինչդեռ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նա 1991-92 թթ. թյուրքալեզու հանրապետությունների համագործակցություն ստեղծելու հույսեր էր փայփայում:
Նրա հույսերը եւս պայմանավորված էին ԱՄՆ-ի եւ եվրոպական մեծ տերությունների աջակցությամբ: Իսկ աջակցությունը բխում էր Ռուսաստանի հետ հավանական առճակատումից խուսափելու համար Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում Թուրքիայի միջոցով գործելու, այսինքնՙ ռուսական գործոնին թուրքականը հակադրելու այդ տերությունների հաշվարկներից:
1990-ականներին Թուրքիան ոչ միայն դիրքեր չամրապնդեց թյուրքալեզու հանրապետություններում, այլեւ, ապաստան տալով ընդդիմության ներկայացուցիչներին, խզման եզրին հասցրեց Ուզբեկստանի հետ հարաբերությունները, որոնք առ այսօր չեն բարելավվում: Ղազախստանն ու Ղրղզստանը, որդեգրելով ռուսամետ արտաքին կողմնորոշում, քաղաքականապես Ռուսաստանի ազդեցության տակ են: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա 1997-ին Մ. Նահանգները, հայտարարելով Հարավային Կովկասը «կենսական շահերի գոտի», հրաժարվեց Թուրքիայով միջնորդավորված գործունեությունից:
Ապա ռուսական գերազդեցության տարածքներում երբեմնի դիրքերը վերականգնելու առաջադրանքով հետզհետե ասպարեզ իջավ Ռուսաստանը: Ռուս-վրացական առճակատման վերածված հարավօսական պատերազմից հետո նրա դիրքերն աննախադեպ ուժեղացան Հարավային Կովկասումՙ մասնավորապես Ադրբեջանում:
Չհաշված Հայաստանի նկատմամբ թշնամանքն ու հայատյացությունը, «մեկ ազգ, երկու պետություն» Թուրքիան եւ Ադրբեջանը ունեն լուրջ տարաձայնություններ, ընդհուպ Իսրայելի նկատմամբ դիրքորոշման հարցում: Չնայած Անկարայի համառ պահանջներին, «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» առումով Բաքուն ոչ մի կերպ չի ընդառաջում թուրք եղբայրներին: Թուրքական սերիալների հետ ադրբեջանական հեռուստաընկերություններում արգելվում է նաեւ թուրքերեն լեզվով հաղորդումների հեռարձակումը: Երկրում փակում են Թուրքիայի կառուցած մզկիթները, իջեցնում թուրքական դրոշը, նույնիսկ հրաժարվում են փոխադարձաբար վերացնել վիզային ռեժիմը թուրքերի նկատմամբ:
Այս ամենը, սակայն, չի խանգարել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին թյուրքալեզու հանրապետությունների անկախության 20-ամյակի հանդիսություններին մասնակցելու, մասնավորապես ասելով. «Մենք մի մեծ ազգի առանձին պետություններն ենք: Պետք է գործենք «Մեկ ազգ, վեց պետություն» սկզբունքով: Անշուշտ, իրար պետք է հարգենք, սիրենք, բայց գլխավորը համերաշխությունն է: Դա առաջիկայում լինելու է մեր գլխավոր փորձությունը: Նրանք, ովքեր համերաշխ չեն եւ միայնակ են մնում, չեն կարող հաղթահարել իրենց առջեւ ծառացած դժվարությունները: Համերաշխության մեջ լինելը չի մթագնի իրավահավասարությունն ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: