Tert.am. 7-10-2011- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հույս ունի, որ թուրքական իշխանություններն ու հասարակությունը խելամիտ կլինեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, և դա տեղի կուենա իր նախագահ լինելու ժամանակաշրջանում: Այս մասին նա հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում` ընդգծելով, որ Հայաստանը Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց էլ մենակ չէ:Նա կրկնեց այն, ինչ ասել էր նաև Մեծ եղեռնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում`
հավաքական ժխտումն ավելի դատապարտելի է, քան անհատականը` չնայած դա չի նշանակում, որ անհատական մակարդակում Ցեղասպանությունը կարող է ժխտվել:
«Եթե Թուրքիայի պես մեծ երկիրը ճանաչի իր պատմության սև օրերը և դարասկզբի Հայոց ցեղասպանությունը, Հայաստանը և Ֆրանսիան դա հաշտության մեծ քայլ կհամարեն։ Իսկ հաշտություն չի կարող լինել մյուսի տառապանքը ժխտելու դեպքում: Եթե Թուրքիան այդ քայլին չդիմի, բացեիբաց շարունակի ժխտել, Ֆրանսիան ուրիշ քայլեր կկատարի, հեռու կգնա, կփոխի օրենսդրությունը, որ ժխտումը քրեականացնի»,- վստահեցրեց Նիկոլա Սարկոզին:
Նա նաև նկատեց, որ Ֆրանսիան չի կարող վերջնագիր ներկայացնել Թուրքիային, քանի որ «դրանով հարևաններին չենք օգնի, բայց ժամանակն անսահման չէ, մտածելու համար բավական ժամանակ է անցել, և Ֆրանսիայի պատասխանը թուրք ղեկավարների քայլերին չի ուշանա»:
Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության հարցում Նիկոլա Սարկոզիի համոզմունքն այն է, որ այդ երկիրը կամուրջի դեր է Արևելքի և Արևմուտքի միջև: «Այդ հարցում իմ դիրքորոշումը տարբերվում է նախկին նախագահի մոտեցումից. Թուրքիան աշխարհում մեծ դեր ունի խաղալու»,- ասաց նա:
Նիկոլա Սարկոզին հրաժարվեց Հայաստանում խոսել Ֆրանսիային առնչվող հարցերի մասին. «Հայաստանը երկիր է, որը շատ է տանջվել, և այսօր պետք է խոսեմ միայն Հայաստանի մասին: Շնորհակալ եմ նախագահ Սարգսյանին, ով ինձ ուղեկցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, շատ հուզված էի այնտեղ այցելելով. այն ամենատպավորիչ վայրերից է»,- նշեց Ֆրանսիայի նախագահը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment