Sunday, October 2, 2011

Թուրք-իսրայելական հարաբերությունները կարող են էապես փոխել իրավիճակը տարածաշրջանում

HayNews.am. 1-10-2011- «Եթե Իրանի պաշտոնյաները մատ են թափ տալիս Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ, սա նշանակում է, որ աշխարհը փոխվել է»,-ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Լևոն Շիրինյանի հետ համատեղ ասուլիսում:
Նա նաև կարծիք է հայտնել, թե առանց Իրանի Մերձավոր Արևելքում ոչինչ չի փոխվի. «Իրանի հետախուզությունն ավելի ակտիվ է աշխատում թե մեր տարածաշրջանում, թե Մերձավոր Արևելքում: Նրանք տեղյակ են ԱՄՆ-ի և Եվրամիության ծրագրերից»:
Շաքարյանցը նաև նշել է, որ Թուրքիան և Իսրայելը միայն ձևականորեն են խաղում վատ հարաբերություններ. «Այդ երկու երկրները մահմեդական աշխարհի համար ներկայացում են խաղում, իրականում նրանք մնացել են դաշնակից»:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ կարծիք է հայտնել, թե Թուրքիան ուժեղացել է ու շատ ագրեսիվ է. «Թուրքիան նույն Օսմանյան կայսրության շարունակությունն է, նույն գիշատիչն է, և քանի որ չկա ոչ Սադամ, ոչ Մուբարաք, նա ուզում է վերականգնել իր ազդեցությունը, իսկ Իսրայելը խոչընդոտում է դրան: Նա ուզում է գեոստրատեգիան իր ձեռքում պահել»:
Շիրինյանը նաև ասել է. «Թուրքիա-Իսրայել հարաբերությունները գնալով վատանալու են: ԱՄՆ-ն կփորձի զսպել այդ հակամարտությունը, բայց նա չի կարողանա խոչընդոտել Թուրքիայի առաջխաղացումը դեպի Իրաք»:
Ըստ քաղաքագետի` այս իրադարձությունները կարող են արմատապես փոխել իրավիճակը մեր տարածաշրջանում, ուստի անհրաժեշտ է ունենալ ավելի շարժունակ և օրգանական պետություն:

No comments: