Sunday, October 2, 2011

Երևանի քույր քաղաք Էսֆահանում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն

Էսֆահանի նահանգապետ Ալիռեզա Զաքեր Էսֆահանին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել լիարժեքորեն աջակցել Էսֆահանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու ՀՀ դեսպանի առաջարկին: Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Հանդիպման ժամանակ Էսֆահանի նահանգապետը, նշելով, որ լավ հարաբերություններ ունի թե Էսֆահանի հայոց թեմի առաջնորդի և թե Մեջլիսում հայազգի պատգամավորի հետ, ընգծել է, որ իրանահայերն իրենց նահանգում ոչ մի խնդիր չունեն:
ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, շեշտելով Երևանի և Էսֆահանի քույր քաղաքներ լինելու փաստը, ցանկություն է հայտնել, որպեսզի հայ-իրանական մշակութային հարաբերություններն էլ ավելի զարգանան:
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի անկախության 20-ամյակի և էրեբունի-Երևան տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան էր ժամանել Էսֆահանի քաղաքապետարանի պատվիրակությունը: Պատվիրակության ղեկավար Բաման Ահմադին Panorama.am-ի թղթակցին տված հարցազրույցում նշել էր.
«Բարեբախտաբար Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Երկու երկրների հարաբերությունները գտնվում են զարգացման և ընդլայնման փուլում, Երևան և Իսֆահան քույր քաղաքների միջև առկա նմանատիպ փոխայցելություններն ու համագործակցությունը կնպաստեն, որպեսզի երկու երկրների հարաբերություններն օրեցօր ավելի զարգանան և ամրապնդվեն: Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացմանը նաև նպաստում է իրանահայ համայնքը, մասնավորապես` Իսֆահանում ապրող հայերը համարվում են Իրանի ազնիվ, հավատարիմ և ճշտապահ քաղաքացիներ»:

No comments: