Saturday, October 8, 2011

Եվրամիության էներգետիկ ծրագրերը չպետք է դառնան նոր պատերազմ սնուցող աղբյուրներ. Սերժ Սարգսյան

Tert.am. 7-10-2011- «Մենք հարգանքով և ըմբռնումով ենք մոտենում Եվրամիության երկրների ցանկությանը` ապահովել էներգետիկ անվտանգություն և էներգակիրների աղբյուրների բազմազանություն: Մենք ակնկալում ենք նաև Եվրամիության այդ նույն երկրների ուշադիր վերաբերմունքը մեր երկրի անվտանգության և մեր տարածաշրջանի կայունության խնդիրներին», - հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պետական այցով Հայաստանում գտնվող` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում:
Հայաստանի ղեկավարը փոխանցեց երկրի ցանկությունը, որ Եվրամիությունը ծրագրեր իրականացնի, որոնցում տարածաշրջանային համագործակցության բաղադրիչն էական դեր կարող է խաղալ կայունության ապահովման գործում: «Այդ ծրագրերը պետք է լինեն այնպես, որպեսզի ապահովեն երկրների հավասարաչափ զարգացումը և որպեսզի դրանցից եկած արդյունքները ծառայեն խաղաղությանը և ոչ պատերազմին, դրանք պետք է այնպես իրականացվեն, որ չդառնան նոր պատերազմ սնուցող աղբյուրներ: Մեր մոտեցումն արդար է և պատրաստակամ»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Նիկոլա Սարկոզին ավելացրեց, որ առաջիկայում առաքելություն կժամանի Հայաստան` ուսումնասիրելու ատոմային էներգետիկայի հարցում երկրին օգտակար լինելու հնարավորությունը: «Մենք կանենք հնարավորը` աջակցելու Հայաստանին էներգիայի նոր աղբյուրներ գտնելու հարցում»,- ասաց Ֆրանսիայի նախագահը` ի պատասխան հայ լրագրողի հարցին` ինչ է անում այդ երկիրը` ապահովելու տարածաշրջանում քաղաքական, տնտեսական և էներգետիկ հավասարակշռությունը:

No comments: