Saturday, October 1, 2011

ՆՇԵԼՈՎ ԻՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՐԵՔ ՊԱՅՄԱՆ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՓԱՍՏՈՐԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ Է ԵՐԿՐԻ ՎԻՃԱԿԸ

«ԱԶԳ», 01-10-2011 - Պուտինի` որպես ՌԴ նախագահ վերադարձի հետ կապված իրարանցումը, որ անմիջապես սկսվեց Հայաստանի քաղաքական դաշտում (ամոթ է այդ մասին խոսելը, բայց ինչ արած...) երեկ թեժացրեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ընդ որում` «Մեդիամաքսին» տված նրա հարցազրույցը հրապարակվեց հենց ՀԱԿ-ի հանրահավաքից ժամեր առաջ: Չգիտենքՙ այդպե՞ս էր հաշվարկել Ռ. Քոչարյանը, թե՞ դա պատահական ստացվեց (այդպիսի պատահականություններ չեն լինում): Ի՞նչ էր ասել, ուրեմն, Ռ. Քոչարյանը. նախ այն, որ մեծ քաղաքականություն իր վերադառնալը չի բացառում, եւ ապա` գործակալության խնդրանքով մեկնաբանել իր վերադառնալու վերաբերյալ քաղաքական դաշտի քննարկումները, ինչպես նաեւ 2012-ին Պուտինի նախագահի թեկնածու առաջադրվելու փաստը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին կապելու ու երկրորդ նախագահի քաղաքական հեռանկարների վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից. «Ինձ զարմացնում է իմ հնարավոր վերադարձի վերաբերյալ ծավալված քննարկումը` Ռուսաստանում ընթացող քաղաքական գործընթացների հետ ուղիղ փոխկապակցմամբ: Եվ դա տեղի է ունենում Հայաստանի անկախության քսանամյակի ճոխ տոնակատարություններից անմիջապես հետո՞: Վստահ եմ, որ քաղաքական գործընթացները պետք է հասունանան այստեղ, Հայաստանում, այլ ոչ թե նույն հարթության մեջ պրոյեկտվեն դրսից: Ես չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն: Սակայն այդ քայլին ինձ կարող են դրդել ոչ թե այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Հայաստանին թեեւ շատ մոտ եւ Հայաստանի համար շատ կարեւոր, բայց, այնուամենայնիվ, ուրիշ երկրում, այլ հետեւյալ երեք գործոնները. ա) երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավման բացակայությունը, եւ, որպես հետեւանք` փակուղային տրամադրությունների եւ արտագաղթի աճը, բ) հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը, գ) իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձեւով բարելավել իրավիճակը»: Այս գործոնները նշելուց հետո նա շեշտել է, որ այդ երեք գործոնների առկայության պարագայում կարող են տարբեր ճանապարհներ լինել ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար. «Մնացած բոլոր հանգամանքները որոշ նրբերանգներ են մտցնում, ավելացնում են քաղաքական ռեսուրսը, բայց հիմնարար գործոններ չեն», ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Այսպիսով, փաստորեն, քաղաքական դաշտը ստանում է իրեն տանջող հարցի գլխավոր պատասխանը` Քոչարյանը պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն, իսկ թե ո՞ւմով, կամ ի՞նչ միջոցներով, սա մոտիկ ապագայի խնդիր է եւ կարող է բավական գլխացավանք պատճառել ե՛ւ Տեր-Պետրոսյանին ու նրա գլխավորած ՀԱԿ-ին, ե՛ւ Հայաստանի ներկա նախագահին:

No comments: