Saturday, October 1, 2011

Էներգետիկ հեղափոխությո՞ւն

«Լրագիր» 30-9-2011- Վարշավայում ելույթ ունենալով Եվրամիության Արեւելյան գործընկերության Վեհաժողովում, Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հարավային Կովկասի հետ կապված Եվրամիության էներգետիկ ծրագրերին եւ այդ համատեքստում խոսել տարածաշրջանի համաչափ զարգացման անհրաժեշտության մասին:
“Մենք անշուշտ կողմ ենք, որպեսզի տարածաշրջանը ներգրավված լինի համաեվրոպական նշանակության նախագծերում, ինչն իր հերթին կամրապնդի Հարավային Կովկասի և ԵՄ միջև առկա հարաբերությունները: Սակայն նման նախագծերի իրականացումը չպետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան որևէ երկրի հայտնվել առավել նպաստավոր դիրքերում, մանավանդ, երբ այդ կապիտալը օգտագործվում է ի վնաս տարածաշրջանային անվտանգության: Կարծում եմ ԵՄ-ն քաջ գիտակցում է տարածաշրջանում առկա փխրուն իրավիճակը:
Չի կարելի թույլ տալ, որ Հարավային միջանցքը դառնա նոր պատերազմի սնուցման աղբյուր” , հայտարարել է Սերժ Սարգսյանը Վարշավայում:
Առաջին հայացքից առանցքային նորություն չպարունակող այդ հայտարարությունը, փոքր ինչ առավել լայն համատեքստում դիտարկելու պարագայում, այդուհանդերձ, նախանշում է բավական հետաքրքիր մոտեցումներ, որոնց մասին Եվրոպային ակնարկում է Հայաստանը:
Եվրամիության կամ արեւմտյան էներգետիկ ծրագրերի համատեքստում խոսելով տարածաշրջանային համաչափ զարգացման անհրաժեշտության մասին, հակառակ դեպքում մատնանշելով էներգետիկ ծրագրերով պատերազմի սնուցման հանգամանքը, Սերժ Սարգսյանը Եվրոպային փաստացի առաջարկում է Հայաստանը եւս դիտարկել էներգետիկ նախագծերի տարածք: Դրա վերաբերյալ ուղղակի հայտարարությունից պաշտոնական Երեւանը գուցե խուսափում է ռուսական խանդ չառաջացնելու պատճառով: Բայց կարծես թե ակնհայտ է, որ Երեւանը դրսեւորում է էներգետիկ ոլորտում գրեթե լիարժեք ռուսիֆիկացումը “դիվերսիֆիկացնելու” պատրաստակամություն, թերեւս դրանում ակնկալելով Եվրոպայի թե տնտեսական, թե գլխավորը` քաղաքական աջակցությունը:
Իսկ այդ աջակցության կարիքն անշուշտ կա, նկատի ունենալով մասնավորապես այն, որ Ռուսաստանը կարծես թե ունի Հայաստանի էներգետիկ մտադրությունների հետ կապված մտահոգություններ, ինչի մասին թերեւս վկայում է օրերս ռուսական գործակալություններով տարածված տեղեկությունը, թե Պուտինը նոյեմբերին պատրաստվում է գալ Հայաստան էներգետիկ ոլորտի հեռանկարի վերաբերյալ հայ-ռուսական նոր համաձայնագիր կնքելու համար: Եվրոպայի քաղաքական աջակցությունը Հայաստանին անհրաժեշտ է, որպեսզի այդ համաձայնագիրը չդառնա ռազմակայանների վերաբերյալ համաձայնագրի էներգետիկ կրկնօրինակը:
Այդ համատեքստում բավական հետաքրքրական էր Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում այդ երկրի վարչապետի հետ Սերժ Սարգսյանի քննարկումը, որի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր կողմերի անդրադարձը Հայաստանի էներգետիկայի ոլորտում ֆրանսիական հետաքրքրության թեմային: Մասնավորապես, նշվում էր, որ Ֆրանսիան պատվիրակություն է ուղարկելու Հայաստան, նոր կառուցվելիք ատոմակայանի շինարարությանը ֆրանսիական մասնակցության հեռանկարները կոնկրետ ուսումնասիրելու համար:
Ռուսական մենիշխանության կամ գերիշխանության տակ հայտնված էներգետիկ համակարգով ֆրանսիական այդ հետաքրքրությունն ինքնին ուշագրավ է այն առումով, որ կարծես թե արեւմտյան կողմից աննախադեպ է վերջին տարիների համար: Կոնկրետ ատոմակայանի շինարարության համար Հայաստանը պայմանագիր է կնքել Ռոսատոմի հետ, որը պատրաստակամություն է հայտնել սակայն ֆինանսավորել ատոմակայանի ծախսի 20 տոկոսը: Փաստորեն, Հայաստանն ու Ֆրանսիան կարող են ավելի բարձր “բաժնի” շուրջ պայմանավորվել, ինչն էլ իր հերթին կարող է փոխել Հայաստանի էներգետիկ դաշտի “ստատուս-քվոն”, թեկուզ փոքր, բայց ապառուսականացման ուղղությամբ:
Այստեղ իհարկե խնդիրը միայն Ռուսաստանը չէ, այլ նաեւ այն, որ ընդհանրապես մեղմ ասած նախընտրելի չէ, որ մի երկրի էներգետիկ համակարգ գտնվում է մեկ այլ երկրի պետական ձեռնարկությունների մենաշնորհի ներքո, այն էլ ամբողջատիրական երկրի պետական ձեռնարկությունների: Այդ իմաստով, Ֆրանսիան կարծես թե փոքր քայլ է կատարում Հայաստանի էներգետիկ քարտեզի միագույնը փոխելու ուղղությամբ: Իսկ դա ինքնին կարող է նպաստել, որպեսզի որոշակիորեն փոխվեն տարածաշրջանի էներգետիկ քարտեզի գույները, դրանցում ներառելով նաեւ հայկական “եռագույնը”:
Դա անշուշտ մոտ ապագայի խնդիր չէ, բայց միտումներն ինքնին կարեւոր են, եթե առկա զարգացումներում իսկապես հենց դրանք են նշմարվում, ոչ թե պարզապես արարողակարգային ելույթներն ու հաղորդագրությունները:
Պարզապես այստեղ կարեւոր է, թե Հայաստանին ինչպես կընդառաջի Եվրոպան: բանն այն է, որ Եվրոպան մինչ այժմ շեշտադրում է հակամարտությունների, մասնավորապես Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որպես էներգետիկ ծրագրերում նաեւ Հայաստանի ներառման ճանապարհ: Սակայն, Եվրոպայի համար թերեւս պետք է որ ակնհայտ դարձած լինի, որ դա ճանապարհ չէ, եւ այդ շեշտադրումը պետք է փոխվի, պետք է փոխվի հանուն տարածաշրջանի զարգացման:
Եվրոպան հավանաբար պետք է վերանայի իր շեշտադրումն ու տնտեսական ծրագրերն ու ենթակառուցվածքները ծառայեցնի տարածաշրջանային խնդիրների լուծմանը, ոչ թե հակառակը:
Որովհետեւ, առկա շեշտադրման պահպանումը, հաշվի առնելով տարածաշրջանային քաղաքական խնդիրների բազմազանությունն ու ռազմաքականքան լուրջ ենթատեքստ պարունակող էթնո-մշակութային խայտաբղետ համակարգը, բերելու է ընդամենը տարածաշրջանի լճացման, որից սովորաբար ելք է գտնվում միայն տոտալ փլուզմամբ` հանգեցնելով անվերահսկելի ագրեսիայի:
Սերժ Սարգսյանի ելույթում նշմարվում է այդ մոտեցումը, որը Հայաստանի դիրքորոշման պարագայում փաստացի կարելի է համարել թույլ շոշափվող, բայց խորքում հեղափոխականություն պարունակող մոտեցում: Եվրոպան թերեւս պետք է աջակցի դրան, քանի որ դրանից ոչ միայն Հայաստանն է շահելու, այլ նաեւ Հարավային Կովկասն ու Եվրոպան:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: