Saturday, October 8, 2011

Բաշար Ալ-Ասադ. Թուրքիան ԱՄՆ-ի շահերի տարածաշրջանային ներկայացուցիչն է

Panorama.am. 7-10-2011- Թուրքիան զենք է տրամադրում սիրիացի ապստամբներին, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը` Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդի օգնական Ֆարուկ Լողողլուի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է թուրքական «Cumhuriyet» թերթը:
Սիրիայի նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս Թուրքիայի և Սիրիայի համագործակցության դեմ, և, որ վերջին ժամանակներին Անկարան խաղում է Վաշինգտոնի շահերի ներկայացուցչի դեր: Նրա խոսքերով` Թուրքիան, որ 30 տարվա ընթացքում փոփոխություններ չի կատարել սեփական սահմանադրության մեջ, պահանջում է, որ Սիրիան լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնի 3 ամսվա ընթացքում:
«Թուրքիան հանդես է գալիս «Մուսուլման եղբայրների» պաշտպանությամբ, ովքեր լուրջ վտանգ են ներկայացնում աշխարհիկ կառավարման համար»,- նշել է Ալ-Ասադը:
Սիրիայի նախագահը նաև հավելել է, որ «Մուսուլման եղբայրները» Սիրիայի համար նույնքան սպառնալիք են ներկայացնում, որքան Քրդական բանվորական կուսակցությունը (РКК) ` Թուրքիայի համար:
Հիշեցնենք, որ ներքաղաքական ճգնաժամը Սիրիայում սկիզբ է առել մարտի կեսերին: Հակակառավարական ելույթների մասնակիցների և անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով գրանցվել է ավելի քան 2800 զոհ:

No comments: