Monday, October 3, 2011

Սերժ Սարգսյանն իր խոսքը չի “ցրի”

«Լրագիր» 3-10-2011- Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքների մասին, որտեղ նշում է, թե դրանք անօրինական են, բայց քանի որ կրում են խաղաղ բնույթ, ոստիկանությունն աջակցում է դրանց իրականացմանը: Բայց, ոստիկանությունը նաեւ անում է Ազատության հրապարակում խփված վրանները հանելու կոչ, հայտարարելով, թե դա հասարակական կարգի խախտում է: Նաեւ հայտարարում է, որ “հասարակական կարգի և այլոց սահմանադրական իրավունքների անհամաչափ խախտման պարագայում ոստիկանությունը ձեռնամուխ կլինի օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը, ընդհուպ մինչև հավաքի ցրումը”:
Ում են խանգարում Ազատության հրապարակում խփված վրանները: Մեծ հաշվով, դրանք հազիվ թե հնարավոր լինի հասարակական կարգի ավելի մեծ “խախտում” համարել, քան ասենք Ազատության հրապարակի շրջակայքի սրճարանները, որոնք այդ գեղեցիկ ծառապատ զբոսավայրը, որ պետք է ծառայեր հասարակությանը, վերածել են մի խումբ մարդկանց եկամտաբեր սեփականության: Ազատության հրապարակի վրաններն առավել եւս որեւէ մեկին ավելի չեն խանգարում, քան խանգարում էին դեռեւս մարտից այնտեղ տեղադրված մանկական ատրակցիոնները: Եվ եթե դրանք ամռանը մանուկներին էին ծառայում, թեեւ հիմնավոր կասկածներ կան, որ իրականում ծառայում էին ընդդիմության քաղաքական ակցիաները հնարավորինս խոչընդոտելուն, ապա ներկայում ընդդիմության տեղադրած վրաններն էլ ծառայում են քաղաքացիներին, արտահայտելով նրանց դժգոհությունը երկրի ներկայիս վիճակի կապակցությամբ:
Այսինքն, վրանները երկրում գոյություն ունեցող իշխանության կարծիքին այլընտրանք հանդիսացող կարծիքի դրսեւորման մի ձեւ են, որ որեւէ մեկի կյանքին, անվտանգությանն ու արժանապատվությանը չեն սպառնում:
Իսկ որ Ազատության հրապարակը պետք է դառնա այլընտրանքային կարծիքի ազատ արտահայտման վայր, դեռեւս ընթացիկ տարվա ապրիլի 27-ին հայտարարել էր Սերժ Սարգսյանը, այդ կապակցությամբ արտահայտելով իր նախընտրությունը: Այդ օրը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա ասել էր, որ Ազատության հրապարակում ընդդիմության վերսկսած հանրահավաքների խաղաղ բնույթը կարող է հանգեցնել նրան, որ Ազատության հրապարակը նորից դառնա այլընտրանքային կարծիքների արտահայտման վայր: Նա ասել էր, որ դա է Ազատության հրապարակի իրական նշանակությունը:
Դատելով Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից, նաեւ Կոնգրեսի նախաձեռնությունից` հրապարակում ձեւավորել քաղաքացիական ֆորում, որտեղ ոլորտային աշխատանքային խմբերի միջոցով փորձ կարվի քաղաքացիական ներուժն օգտագործել երկրի զարգացման հեռանկարի շուրջ քննարկումներ ծավալելու համար, Ազատության հրապարակը դառնում է այլընտրանքային կարծիքների խաղաղ արտահայտման հենց այն վայրը, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը:
Անշուշտ, կարող են այդ կարծիքները երբեմն ունենալ Սերժ Սարգսյանի ականջի համար, կամ նրան նվիրվածություն դրսեւորելու մեծ փափագ ունեցող ոստիկանների ականջի համար ոչ հաճո բառեր եւ տոնայնություն, բայց դա այլընտրանքային կարծիքի “հմայքն” է, քանի որ կարեւորն այդ կարծիքի արտահայտման ձեւն է, որը տվյալ պարագայում խաղաղ է: Բացի այդ, առանցքայինն այն է, թե ինչ է ասում հանրահավաքի կազմակերպիչ ներկայացող Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով հայտարարում է, որ ընդդիմությունը հրապարակում չի հավաքվել կրքեր բորբոքելու համար, այլ հավաքվել է գործ անելու:
Այդպիսով, ընդդիմությունը ներկայում Ազատության հրապարակում փաստացի կատարում է մի գործ, որի մասին դեռեւս մի քանի ամիս առաջ արտահայտվում էր Սերժ Սարգսյանը: Հետեւաբար, երբ ներկայում ոստիկանությունը խոսում է հանրահավաքը ցրելու մասին, ակնարկելով վրանների պարագան, դա գրեթե ուղղակիորեն նշանակում է “ցրել” Սերժ Սարգսյանի խոսքը: Հազիվ թե Սերժ Սարգսյանը ոստիկանությանը թույլ տա անել այդ բանը, քանի որ դա ոչ թե ընդդիմությանը, այլ Սերժ Սարգսյանին հարված կլինի:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: