Sunday, October 30, 2011

Շնորհանդես, մեծարում

Աստղիկ Բաբայան՝ Տեսուչը, Գրողը, Մարդը
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան 30.10.2011: Սույն թվի հոկտեմբերի 28-ի երեկոյան, Թեհրանի Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրի, Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ «Արաքս» շաբաթաթերթի համատեղ նախաձեռնությամբ ու բարձր հովանավորությամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի, «Րաֆֆի» համալիրի «Սայաթ Նովա» դահլիճում, կայացավ իրանահայ վաստակավոր ուսուցչուհի, տեսուչ, ազգային-հասարակական գործիչ, ՀԲԸՄ-ի Իրանի մասնաճյուղի նախագահուհի՝ տկն. Աստղիկ Բաբայանի հերթական գրքի՝ «Գրքերի որբանոցը», շնորհանդեսը:
Ձեռնարկն սկսվեց Տերունական աղոթքով, ապա ընթերցվեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ Սփյուռքի նախարար տկն. Հրանուշ Հակոբյանի ուղերձները, որոնք մեծ հուզմունք առաջացրին Ա. Բաբայանի եւ հանդիսականների մոտ:

Ապա «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը շնորհավորելով հայ ժողովրդի երկու կարեւորագույն տոները՝ Մշակույթի տոնն ու ՀՀ անկախության 20-ամյակն, ասաց. «Այս շնորհանդեսը պարզապես մի պատրվակ է, մեծարելու մի ազնիվ ու նվիրյալ մշակույթի գործիչի, ուսուցչի, տեսուչի, գրողի ու մարդու, ով հայուհուն վայել կեցվածքով ու տղամարդու պես պայքարեց իր կյանքի նպատակին հասնելու համար, ահա թե ինչու ընտրեցինք այս անվանումը օրվա համար. Աստղիկ Բաբայան՝ Տեսուչը, Գրողը, Մարդը»:

Այնուհետ հերթաբար իրենց ելույլթներով հանդես եկան «Րաֆֆի» համալիրի նախագահ Վարդան Բաբախանյանը, ՀԲԸՄ խոսնակ Այդա Սողոմոնյանը, Թեհրանի ազատ համալսարանի հայոց լեզվի դասախոս Քարմեն Ազարյանը, Ռուբեն Ավագյանը, Իրանահայ գրողների միության նախագահ Թորգոմ Տեր-Հակոբյանը, Սրբազան Հայրը եւ «Թովմասյան» միջնակարգ դպրոցի փոխտեսուչ Հրանուշ Սարգսյանը:
Միջոցառումը համեմված էր նաեւ գեղարվեստական բաժնով, ուր վարպետորեն ասմունքեցին Ժոզեֆ Ամիրյանն ու Արթին Բաղումյանը:

Ծրագրի վերջին բաժնում ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի եւ ՀԲԸՄ Վարչությունների կողմից գնահատագրեր եւ նվերներ հանձնվեց Ա. Բաբայանին, որից հետո Աստղիկ Բաբայանը հուզումնախառն իր սրտագին շնորհակալություններն հայտնեց շնորհանդեսը կազմակերպող կառույցներին, Սրբազան Հորը, ուղերձներ հղողներին, մանավանդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ՀՀ Սփյուռքի նախարարին եւ բոլոր նրանց, ովքեր դեր էին ունեցել այս ձեռնարկի կայացման մեջ:

Վերջում ներկաները հյուրասիրվեցին «Րաֆֆի» համալիրի եւ ՀԲԸՄ շնորհաշատ կանանց խմբերի համատեղ ջանքերով պատրաստված կոկտեյլներով:
Միջոցառմանը ներկա էին թեմիս արաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, Տ. Մակար վրդ. Աշգարյանը, ազգային հասարակական կառույցների, միությունների եւ մամուլի ներկայացուցիչներ ու հոծ թվով բազմություն:
Հիշեցնենք, որ Ա. Բաբայանի առաջին գիրքը՝ «Իրական դեպքեր», լոյս է տեսել 2001թ., որին եկել են լրացնելու «Ժամանակը սահում է եւ ...», «Ներքին ձայնը, որ...», «Ակրոստիքոսներ», «Արծաթէ գօտու հետքերով», «Ակրոստիքոսներ 2» եւ «Գրքերի որբանոցը»:

No comments: